2023թ. սեպտեմբերի 6-ին Հանրապետական մանկավարժահոգերանական կենտրոնում հյուրընկալվել էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Բագրատ Սարգսյանը, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենները։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՕՖ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերանորոգումն ու վերազինումը, որն իրականացվել է Հայ օգնության ֆոնդի կողմից, ինչպես նաև գույքի ու տեխնիկական հագեցվածության ապահովումը՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Նա նշեց, որ նախատեսվում է Կենտրոնում ստեղծել սենսորային սենյակ և հույս հայտնեց, որ ՀՕՖ-ի հետ համագործակցության հաջորդ փուլում կիրականացվեն նախատեսվող հետագա աշխատանքները։ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Բ. Սարգսյանը վերահաստատեց համագործակցության շարունակականությունը՝ շեշտելով, որ կրթությունը իրենց համար գերակա ուղղություն է:
Հյուրերը շրջայց կատարեցին Կենտրոնում՝ գործնականում ծանոթանալով իրականացված աշխատանքներին։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ հաջորդիվ տեղի ունեցավ ՏՄԱԿ-ների տնօրենների հետ հերթական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես՝ ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխություններին և դրանց արդյունքում կրթական համակարգում նախատեսվող գործընթացներին, ֆինանսավորման նոր մոդելով նախանշված դպրոցների ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումներով համալրելուն, բոլոր դպրոցներում հոգեբանի և ուսուցչի օգնականի հաստիքի պարտադիր ներդրմանը, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպման արդյունավետությանը վերաբերող հարցեր: ՏՄԱԿ-ների տնօրենները բարձրաձայնեցին ընթացիկ և առկա խնդիրների մասին, ի մի բերվեցին իրականացված աշխատանքները, հստակեցվեցին առաջիկա անելիքները:
Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով, խնդիրների վերհանմամբ և դրանց լուծման ուղիների մատնանշմամբ: