ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) վարման կարգը և ներդրվում կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ԿԿՏՀ) տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը։
ԿԿՏՀ–ում գրանցվում են Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպական իրավական ձևից և ենթակայությունից։
ԿԿՏՀ վարումն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը /ԿՏԱԿ/, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատորը և ԿԿՏՀ ողջ տեղեկատվության պահպանումն ապահովողը։
ԿԿՏՀ միջոցով հավաքագրված տվյալները կիրառվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման, տվյալների հիման վրա որոշումների կայացման, վարչարարության իրականացման և վիճակագրության վարման նպատակով։
Անձնական տվյալները ԿԿՏՀ հավաքագրվում, մշակվում և պահվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
ԿԿՏՀ հիմնական ենթահամակարգերն են`
1. Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ ՆԿԿՏՀ վարչական ռեգիստր։
2. Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ՝ ԴԿՏՀ վարչական ռեգիստր։
3. Մասնագիտական կրթության՝ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի կառավարման տեղեկատվական համակարգ՝ ՄԿԿՏՀ վարչական ռեգիստրներ։
4. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման էլեկտրոնային համակարգ։
5. Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման համակարգ։
6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տեղեկատվական համակարգ։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տեղեկատվական համակարգի գործարկումը հնարավորություն է տալու թվայնացնել և ավտոմատացնել`
✦ ԿԱՊԿ գնահատումը՝ 3 մակարդակներում (դպրոցական, տարածքային, հանրապետական),
✦ Կանխարգելիչ միջամտությունների պլանի վարումը,
✦ Անհատական ուսուցման պլանի վարումը,
✦ Հանրապետության կրթական բոլոր օղակներում մշտադիտարկումների և վերլուծությունների իրականացումը,
✦ ԿԱՊԿ ունեցող երեխաների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների գեներացումը։