2021-2022 ուսումնական տարվան ընդառաջ ընթացող օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են՝ այս անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների և Արմավիրի ու Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորությամբ քննարկվեցին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և նոր ուսումնական տարվա ընթացիկ գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ նաև ուսուցիչների ատեստավորման ուղղությամբ ընթացող նախապատրաստական աշխատանքներին և վերապատրաստման գործընթացներին:
Անդրադառնալով այն փաստին, որ 2021 թվականին Արարատի մարզը անցնում է համընդհանուր ներառական կրթության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա․Սվաջյանը մասնակիցներին ներկայացրեց տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող «Ձեզ համար» Հասարակական կազմակերպությանը։ ՀՄԿ տնօրենը խոսեց նաև համընդհանուր ներառական կրթությանը անցնելու առանցքային մոտեցումների և դպրոցական մակարդակի գնահատման ու մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպման ձևերի մասին, ներկայացրեց սեպտեմբեր ամսին նախատեսված Արարատի մարզի հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների և տարածքային կենտրոնի մասնագետների վերապատրաստման ժամանակացույցը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթությանն առնչվող հարցեր։
Սկզբնաղբյուր` ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ