Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակում անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շարքն ամփոփվել է Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմամբ:
Օգոստոսի 30-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը:
Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մասնակցել են հանրակրթության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա․Սվաջյանը, նախարարության պատասխանատուներ, ավագ դպրոցների տնօրեններ։
Տիկին Անդրեասյանը խոսել է առաջնային անելիքների մասին և նշել, որ ուսումնական տարվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել այս ուսումնական տարվանից նոր չափորոշիչների տեղայնացմանը նախապատրաստվելու համար: Մասնավորապես՝ նախատեսվում են վերապատրաստումներ, բովանդակային քննարկումներ: 2023 թվականի սեպտեմբերից նոր չափորոշիչը տեղայնացվելու է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Սա նշանակում է՝ փոխվելու է ավագ դասարանների կազմավորման ձևը։ Սա էլ հենց նոր մոտեցումն է ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Փոխնախարարի խոսքով` այս նոր սկզբունքը փորձարկվել է Տավուշի մարզում, և արդեն նկատվում է դրական արդյունք: Նոր մոտեցումները տեղայնացվելու են նաև գյուղական բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, որտեղ նույնպես կան ավագ դասարաններ:
Խոսվել է նաև կամավոր ատեստավորման, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների, մասնավորապես՝ դպրոցների վարչական աշխատողների դասավանդմանն առնչվող նոր իրավակարգավորումների, ուսումնական պլանների, ներառական կրթության կազմակերպման, իրականացման, դժվարությունների, առաջարկվող լուծումների և այլ հարցերի շուրջ:
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ