Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից շարունակվում են «ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ․ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ։ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» թեմայով վերապատրաստողների վերապատրաստումները (TOT) ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների մասնակցությամբ։
Դասընթացները միտված են նպաստելու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների՝ սոցիալական ներառման գործընթացին աջակցելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմանը, օգնելու նրանց զարգացնել իրենց հմտությունները և ինքնավստահությունը ներառական պրակտիկայի կիրառման, բնակչության տարբեր շերտերի հետ համագործակցության, իրենց կրթական և սոցիալական համայնքներում ներառականության մշակույթի ձևավորման ուղղությամբ։ Վերապատրաստումների ընթացքում անդրադարձ է կատարվում այն մարտահրավերներին, հնարավորություններին ու խնդիրներին, որոնք առկա են առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ աշխատանքում։
Մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ ընտանիքների և համայնքների ներգրավման ու համագործակցության նորարարական և գործնական եղանակների վերաբերյալ՝ ընդհանրության մեջ դիտարկելով իրենց, մանկավարժների, ծնողների և համայնքների գործառույթները։ Ինտերակտիվ, գործնական մոտեցման վրա հիմնված վերապատրաստումները մասնակիցներին հնարավորություն են տալիս գործնականում կիրառել իրենց սովորածը, փորձարկել նոր մոտեցումեր, ապահով միջավայրում արձագանքել գործընկերներին ու դասընթացավարներին և արձագանքներ ստանալ նրանցից, ուսումնասիրել մարգինալացված խմբերի նկատմամբ իրենց սեփական կողմակալությունները և վերարժևորել կրթության վերաբերյալ իրենց համոզմունքներն ու արժեքները:
Վերապատրաստումների ընթացքում կարևորվում են ներառականության հիմնական հասկացությունների ընկալման, միջանձնային հաղորդակցության, ուսումնական հաստատությունները որպես ինստիտուցիոնալ իշխանություն դիտարկելու, ներառական կրթության իրականացման գործընթացում հաստատության տնօրենի կարևորությունն ընդգծելու գործոնները։
Մասնակիցները ծանոթանում են ուսումնառության ընթացքում խմբերում բազմազան մշակույթ կրող անձանց հետ աշխատանքների արդյունավետությունն ապահովող ռազմավարություններին ու մոտեցումներին։
Այս պահին դասընթացներին մասնակցել են ՀՀ 19 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների շուրջ 435 մասնագետներ:
«Ընկալման փոփոխություն. ուսուցիչների իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» ներառական կրթության համատեքստում միջանձնային հաղորդակցման վերաբերյալ այս մոդուլը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից և տեղայնացվել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի հետ համագործակցությամբ։
24.10.2024