2024թ. սեպտեմբերի 15-ից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում իրականացվում է Դպրոցներում բուլինգի կանխարգելման և արձագանքման ընթացակարգերի ներդրման պիլոտային ծրագիրը, որը կարող է հիմք հանդիսանալ դպրոցներում հակաբուլինգային ազգային քաղաքականության մշակման և կիրարկման համար:
Ծրագիրը փորձարկվում է Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87 հիմնական դպրոցներում և Ավետիսյան դպրոցում (AMAA)։ Փորձարկումն իրականացվում է դպրոցների տնօրենների, հոգեբանների և ուսուցիչների հետ պարբերաբար իրականացվող աշխատանքի միջոցով և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակիցների և փորձագետների ներգրավմամբ:
Ծրագիրն իրականացվում է երեք հիմնական փուլերով։
Առաջին փուլում իրականացվել է բուլինգի վերաբերյալ սովորողների, ծնողների և մանկավարժական կազմի իրազեկվածության մակարդակի գնահատում, ինչպես նաև դպրոցներում վտանգավոր միջավայրերի բացահայտմանն ուղղված աշխատանքներ։
Արդյունքում բարձր դասարանների սովորողների ներգրավմամբ միջանցքներում, դասասենյակներում սահմանվել է աշակերտական հերթապահություն։ Դասամիջոցներին երեխաների զբաղվածությունն ավելի նպատակային դարձնելու համար ժամանցային-խաղային համակարգեր են ներդրվել դասարաններում և միջանցքներում։
Երկրորդ փուլում բոլոր երեք դպրոցներում ձևավորվել են բուլինգի կանխարգելման և արձագանքման համար պատասխանատու աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավվել են դպրոցների հոգեբանները, ուսուցիչները և սովորողները։ Վերջիններիս մասնակցությամբ դասարաններում իրականացվել են հերթապահություններ, հայտնաբերվել և գրանցվել են բուլինգի դրսևորման դեպքեր։
Երրորդ փուլում իրականացվել են տարաբնույթ կանխարգելիչ և արձագանքող աշխատանքներ։ Այդ նպատակով բուլինգի վերաբերյալ դասընթացներ են կազմակերպվել ինչպես ուսուցիչների, այնպես էլ սովորողների և ծնողների շրջանում։
Ներկա պահին կանխարգելման և արձագանքման համար պատասխանատու աշխատանքային խմբերի անդամների օգնությամբ դասարաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ուղղված թիրախային խմբում հայտնված, սոցիալապես օտարացած և բուլինգի ենթարկվող սովորողների լիարժեք ներառմանը խմբում, ինչպես նաև բացասական վարքագիծ դրսևորող սովորողների վարքի շտկմանը։
Հիշեցնենք, որ պիլոտային ծրագիրն իրականացվում է ծրագրի շրջանակներում մշակված և հրապարակված «Դպրոցներում բուլինգի կանխարգելման և արձագանքման ընթացակարգեր» ուղեցույցի հիման վրա, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27 հունիս 2024թ. N 1155-Ա/2 հրամանով երաշխավորվել է գործածության որպես ուսումնական նյութ:
15․12.2024