2025թ․ հունվարի 31-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի «Բացահայտված գաղտնիքներ» ներկայացման առաջնախաղը ըստ Արմինե Անդայի «Գաղտնիքների գիշերը» հեքիաթի: Բեմադրության հեղինակ՝ ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյան։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ողջունելով հանդիսատեսին, անդրադարձավ ներկայացմանը. «Բացահայտել գաղտնիքները, որոնք իրենց մեջ պարունակում են հրաշքի զգացումը և երազների հավատը, երբեք ուշ չէ։ Սա միայն թատրոն չէ և միայն ներկայացում չէ, այլ իսկապես թատերաթերապիա, որտեղ կերտվում են բնավորություններ, և փոխվում են մարդիկ։ Այն կարևոր ներազդեցություն է ունենում երեխաների ինքնադրսևորման, շփման ու հաղորդակցության և այլ կարողությունների զարգացման վրա»։
Թատերախմբի դերասանները հանդիսատեսին տեղափոխեցին հեքիաթի աշխարհը՝ միասին բացահայտելու եղևնու գաղտնիքը, այդպիսով ներկաներին փոխանցելով ներկայացման կարևոր ուղերձները փոխզիջման, միմյանց հասկանալու և գնահատելու մասին։
Ներկայացման ավարտին թատերախմբի մասնակիցներին ողջունեց հեքիաթի հեղինակ Արմինե Անդան՝ իր հուզմունքն ու ոգևորությունը փոխանցելով ներկաներին։ Նա կարևորեց երեխաների հետ աշխատանքը՝ իր ուրախությունն արտահայտելով նախաձեռնության մասնակիցը լինելու առնչությամբ։
03.02.2025