2025թ․ փետրվարի 17-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրենների և ՀՄԿ անձնակազմի մասնակցությամբ։ Քննարկման հիմնական թեման ՏՄԱԿ-ների օրինակելի կանոնադրության փոփոխության նախագիծն էր։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց փոփոխությունների փաթեթը, որը մշակվել էր ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների առաջարկությունների հիման վրա։ Նա անդրադարձավ նոր կանոնադրությամբ նախատեսվող գործընթացներին ու դրանց իրականացման ընթացակարգերին՝ շեշտադրելով ՏՄԱԿ-ների կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտության արդիականությունը, որը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացված իրավական և կառուցվածքային բարեփոխումներով։
Հանդիպման ընթացքում Լ․Մնացականյանն անդրադարձավ նաև ընթացիկ աշխատանքային հարցերին, որոնք վերաբերում էին ուսումնական հաստատություններում ֆիզիկական միջավայրի մատչելության և խելամիտ հարմարեցումների ապահովմանը, դպրոցներում բռնության (բուլինգի) դեպքերի արձագանքման ընթացակարգերին և ՏՄԱԿ-ների մասնագետների մասնակցությանը, դպրոցների հոգեբանների հետ համատեղ իրականացվող աշխատանքների հստակեցմանն ու համակարգմանը, ՏՄԱԿ-ներում անհրաժեշտ հաստիքների համալրմանը, ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մշտադիտարկման թերթիկների ներդրմանը և այլ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։
ՏՄԱԿ-ների տնօրենները բարձրաձայնեցին նաև մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ի հայտ եկող խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ եղան համապատասխան քննարկումներ։
18.02.2025