Կրթության գործընթացի արդյունավետ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է բավարարել սովորողների բազմազան կարիքները՝ դրանով իսկ նպաստելով կրթության գործընթացում նրանց ակտիվ մասնակցությանն ու ներգրավվածության ընդլայնմանը: Այս համատեքստում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կարևոր գործընթաց է, որի նպատակն է դիտարկել երեխայի մասնակցությունը կրթական ծրագրերին, բացահայտել նրա զարգացման հնարավորությունները, սահմանել կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմաններն ու խելամիտ հարմարեցումները:
Գնահատման հիմնական խնդիրն է խթանել կրթության մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության ապահովումը, առաջարկել հարմարավետ և մատչելի միջավայրային պայմաններ։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի շրջանակներում մշակել է երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմը։
Առաջնորդվելով «Նախադպրոցական կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով՝ մշակվել են խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմեր՝ ըստ 5 տարիքային խմբերի: Յուրաքանչյուր տարիքային խմբի երեխաների գնահատման գործընթացում կիրառվող գործիքակազմն իր բաղադրիչներում ներառում է գնահատման տեղեկագրեր, գործիքներ (առաջադրանքներ, աշխատանքային տետրեր, խթանիչ նյութեր 3-5, 6-10, 11-14, 15-18, 19 և բարձր տարիքային խմբերի համար), սահմանում չափանիշներ, որոնցով իրականացվում է գնահատումը։
18.02.2025