2025թ․ մայիսի 31-ին Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովը, որն ուղղված էր հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացների լուսաբանմանը, ոլորտում առկա և ի հայտ եկող մարտահրավերներին ու դրանց դիմակայելու մեխանիզմերի քննարկմանը։
Համաժողովի նպատակն էր տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական համայնքի ներուժը, կիսվել ոլորտի նորարարություններով:
Մասնակցում էին հանրապետության տարբեր դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ, ՀՄԿ և ՏՄԱԿ մասնագետներ,Կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, միջազգային կառույցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ներկաներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։
Իր խոսքում Ժ․ Անդրեասյանն ընդգծեց կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների և դրանցում ուսուցչի դերակատարության վերաբերյալ քննարկումների կարևորությունը և ուսուցիչների պատրաստակամությունն այդ ուղղությամբ: Նախարարն անդրադարձավ կրթության ոլորտում տարաբնույթ գործոնների ազդեցությանը, ինչպիսիք են տեխնոլոգիական և սոցիալական զարգացումները, դրանցով պայմանավորված մարտահրավերները և վերջիններիս արդյունավետ արձագանքման մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը։ Նա կարևորեց դպրոցների պաշտպանվածության և անվտանգային հարցերը բոլոր համատեքստերում՝ դիտարկելով և ուսուցիչների, և աշակերտների պաշտպանված լինելու անհրաժեշտությունը։
Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության մենթոր դպրոցների պարգևատրման արարողություն, որից հետո համաժողովի աշխատանքները շարունակվեցին պլենար նիստի ձևաչափով․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Կրթության և զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրին ոլորտում իրականացվող աշխատանքները, ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման տեսլականները:
Նիստին հաջորդեց «Կրթական բարեփոխումների ազդեցությունը ուսուցչի նորարարական կարողությունների զարգացման վրա» թեմայով պանելային քննարկումը։
Այնուհետև աշխատանքները շարունակվեցին առանձին բաժիններով, որոնց թեմաներն առնչվում էին կրթության ոլորտի առավել արդիական խնդիրներին․
- ✦ Նորարարական ուսուցման մեթոդներ
- ✦ Թվային գործիքների և արհեստական բանականության օգտագործումը ուսուցման գործընթացում
- ✦ Խաղային մեթոդների ներդրումը ուսուցման գործընթացում
- ✦ Միջառարկայական կապեր. նորարարական մոտեցումներ դասավանդման գործընթացում
- ✦ Սոցիալ-հուզական զարգացում ուսումնառության գործընթացում
- ✦ Գնահատման նոր մոտեցումների կիրառումը ուսուցման գործընթացում
- ✦ Ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացումը ուսուցման գործընթացում
«ՄԵԿ ԴԱՍԱՐԱՆ՝ ՇԱՏ ԳՈՒՅՆԵՐ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» զեկույցով հանդես եկավ նաև ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։
Դասընթացի հիմնական շեշտադրումներն ուղղված էին բազմազանության պայմաններում կրթական նոր, ինտերակտիվ մոտեցումների մոդելավորմանը և ուսումնական գործընթացում դրանց կիրառման առանձնահատկությունների բացահայտմանը։ Դասընթացի գործնական փուլը հագեցած էր նորարարական հնարներով և ներառականությանը նպաստող իրավիճակային վարժանքներով
Մասնակիցները ոգևորված էին. յուրաքանչյուրն իրեն զգում էր առաջադրված «իրականության» մի փոքր, բայց կարևոր մասնիկը։
06.06.2025