2025թ․ հունիսի 27-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՄԿ-ի և Կանանի ՀԿ-ի համագործակցությամբ իրականացվող «ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄ ԱՌԱՆՑ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ԱՌՈՂՋ ՀՈՒԶԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ» ծրագրի ամփոփիչ հանդիպումը։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ և ուղղված է կրթության և գիտության ոլորտում կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդլայնմանը։
Հանդիպմանը ներկա էին ՀՄԿ և «Կանանի» սոցիալ-հոգեբանական ՀԿ-ի անձնակազմերը, ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների տնօրեններն ու ներկայացուցիչները։
Ողջունելով ներկաներին՝ ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, ընդգծեց կրթության կարևոր դերը գենդերային խոչընդոտները վերացնելու, կարծրատիպերը հաղթահարելու և ավելի ներառական միջավայր ձևավորելու գործում։
«Կանանի» սոցիալ-հոգեբանական ՀԿ նախագահ Քրիստինա Բաղդասարյանը հանգամանալիորեն անդրադարձավ ծրագրի նպատակներին ու բովանդակությանը, որոնք բխում են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից և ուղղված են գենդերային հավասարության, առանց խտրականության գենդերազգայուն, գենդերարձագանքող կրթական միջավայրի ստեղծմանը և ռազմավարությունների կիրառմանը։
Այնուհետև ներկայացվեց ՀՄԿ և «Կանանի» ՀԿ համագործակցության շրջանակում մշակված «ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎ Եվ ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ․ ԳԵՆԴԵՐ ԵՎ ՀՈՒՅԶ» ձեռնարկը, որի հեղինակներն են Հայկուհի Ադամյանը և Անի Խուդոյանը:
Ձեռնարկի նպատակն է մանկավարժներին տրամադրել գործիքներ, մեթոդներ և գիտելիքներ, որոնք կօգնեն կրթական գործընթացում խթանել գենդերային հավասարությունը՝ նպաստելով ուսուցիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, դասարանում հարգանքի, արդարության և ներառականության մշակույթի զարգացմանը։
Անդրադարձ կատարվեց ձեռնարկի բովանդակությանը, նրանում ներառված ռազմավարություններին ու գործիքներին, որոնք միտված են գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը և բոլոր սովորողների, անկախ սեռային պատկանելությունից, հաջողության հասնելու հավասար հնարավորությունների ապահովմանը:
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է ՀՄԿ կայքում, որն արդեն հասանելի է հետևյալ հղումով` https://hmk.am/h121319hy/
Նշենք, որ «ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ․ ԳԵՆԴԵՐ ԵՎ ՀՈՒՅԶ» ձեռնարկը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից երաշխավորվել է գործածության որպես ուսումնական նյութ։
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում՝ համագործակցությունը հետագայում ևս շարունակելու պատրաստակամությամբ։
27.06.2025