2025թ․ հուլիսի 2-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մարդաշատ էր:
ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Մայրաք Վեյսբախ Հիմնադրամի աջակցությամբ ներկայացավ նոր առաջնախաղով՝ «ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ»՝ բեմադրված Վիլյամ Սարոյանի «Մարդկության տունը» և Հրաչյա Մանուկյանի «Երբ հասուն դարձա» ստեղծագորրծությունների հիման վրա։
Բեմադրության և բեմականացման հեղինակն է «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ռեժիսոր Մարինե Ասատրյանը։
«ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ»-ը պատմություն է կյանքի իմաստի որոնումներով տարված հերոսների մասին, որոնցից յուրաքանչյուրը փնտրում է իր հարցերի պատասխանները, աշխարհին ներկայանալու իր ճշմարտությունը և այդ աշխարհի մեջ ինքնադրսևորվելու իր «կետը»։
Թատերախմբի դերասանները ինքնաճանաչման, ինքնաբացահայտման միջոցով աշխարհը բացահայտելու իրենց բանաձևն էին առաջարկում՝ սեփական պատուհանից աշխարհին նայելու գաղափարը հանգեցնելով մեկ միասնական ՄԵՐ ԱՇԽԱՐՀԻ։
Ներկայացման մեջ իրենց կարևոր դերն ունեին նաև ծնողները՝ որպես ՄԵՐ ԱՇԽԱՐՀԻ բնակիչների անփոխարինելի օգնականներ, ինչը դրական ծնողավարման յուրահատուկ ուղերձ էր փոխանցում հանդիսատեսին։ Ներկայացման հերոսները, միավորվելով ծնողների հետ, ստեղծեցին «ՄԻԱՍԻՆ» նվագախումբը, և հնչեց մի ստեղծագործություն, որտեղ յուրաքանչյուրը հանդես եկավ իր երաժշտական գործիքով՝ միաժամանակ դրսևորելով երաժշտությունը լսելու և այդ համատեքստում համագործակցելու կարողությունը։
Ներկայացման ավարտին թատերախմբի դերասանները ստացան պատվոգրեր և հուշանվեր-նոթատետրեր, որոնք ձևավորված էին իրենց հեղինակային նկարներով ու վրձնամտքերով։
Պատանի դերասանների, ծնողների, ստեղծագործական թիմի և ՀՄԿ անձնակազմի համագործակցված աշխատանքի արդյունքում կայացավ «ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ»-ը, որտեղ բոլորի համար էլ տեղ կար, և հանդիսատեսն ինքն էլ ակամա դարձել էր ներկայացման հերոսներից մեկը։
07․07.2025