ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐԸ
(Երեխայի անունը փոխված է)
Մեր պատմության հերոսը Արենն է։ Նա 8 տարեկան է, սովորում է հանրակրթական դպրոցում։
Վաղ մանկության շրջանում ծնողներին ուրախացնում էր Արենի յուրաքանչյուր քայլը։ Տարիների հետ, սակայն, որոշակի մտահոգություններ ի հայտ եկան՝ կապված խոսքի հապաղման հետ։ Ծնողներն Արենին տարան հետազոտության։ «Ձեր երեխան ունի աուտիզմ»․ եզրակացությունը նրանց չհամոզեց։ Դպրոց ընդունվելուց առաջ գնահատման արդյունքում հստակեցվեց՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման և ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ աստիճանի աջակցության կարիք։ Նորությունը ծնողների համար շփոթեցնող և վախեցնող էր։ Նրանք սկզբում փորձեցին «մերժել» ախտորոշումը, այլ «լուծումներ» փնտրել, բայց ավելի ուշ ընդունեցին խնդիրը և սկսեցին երեխային տանել մասնագիտական պարապմունքների, իսկ հետո Արենը սկսեց դպրոց հաճախել։ Դասարանում ոչ բոլոր դասաժամերին էր նստում․ կարողանում էր մասնակցել միայն 2-3 դասի, այն էլ՝ ուղեկցողի օգնությամբ։ Հաճախ հանձնարարություններն անհասկանալի ու բարդ էին նրա համար։ Խնդիրներ էին ի հայտ գալիս նաև հաղորդակցման ոլորտում․ չնայած Արենը սիրում էր շփվել մարդկանց հետ, բայց չգիտեր, թե ինչպես պետք է այդ անել։ Դրսևորվում էին նաև վարքային խնդիրներ՝ կամակորություն, ագրեսիա․ կծում էր ձեռքերը, քաշում և հրում իրեն շրջապատող մարդկանց, միատոն ձայնային ելևէջներ արտաբերում։ Ծնողները շատ անհանգիստ էին։ Նրանք այլևս չգիտեին՝ ինչպես օգնել Արենին։
Եվ ահա ծնողների համաձայնությամբ Արենն ընդգրկվեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող «Ռեսուրս սենյակ» փորձարարական նախագծում, որն ուղղված է ՀՀ ուսումնական հաստատություններում, այդ թվում տնային ուսուցման պայմաններում սովորող հաղորդակցման և մտավոր խնդիրներով պայմանավորված մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների որակյալ և մատչելի կրթության կազմակերպմանը՝ իրենց կարիքներին համապատասխան կրթական միջավայրում։
2024թ․ սեպտեմբերին, երբ Արենը դպրոց եկավ ուղեկցողի հետ, իր հիմնական դասարան բարձրանալու փոխարեն նրան ուղղորդեցին «ռեսուրս սենյակ»։ Ուղեկցողը բացեց դուռը, և Արենը մտավ սենյակ, որը շատ տարբեր էր իր երբեմնի պարապմունքների սենյակներից։ Այն շատ ընդարձակ էր, գունեղ և լուսավոր՝ պահարաններում դասավորված գույնզգույն խաղալիքներով։ Արենը չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Ունենալով «աուտիզմ» ախտորոշումը՝ նա սկսեց դրսևորել անկառավարելի վարք՝ քաշել, հարվածել, կծել սեփական ձեռքերը, և միատոն ձայնային ելևէջներով ու իրեն հասանելի բոլոր ձևերով արտահայտել իր դժգոհությունը։ Երբ ուղեկցողը հրաժեշտ տվեց և դուրս եկավ սենյակից, ընդամենը մի քանի վարկյանում պահարաններում եղածը բառացիորեն հայտնվեց հատակին, և գեղեցիկ ու կոկիկ հավաքված սենյակը վերածվեց խառնաշփոթի։ Բայց Արենի համար հասկանալի չէր, թե ինչու ոչ մեկ նրան չէր կանգնեցնում կամ արգելում․ չէ՞ որ սենյակում մասնագետներ էլ կային։ Մինչդեռ վերջիններս լուռ հետևում էին երեխային՝ փորձելով ճանաչել նրան։
Արենի հետ աշխատելու էր ՀՄԿ վերապատրաստող մասնագետ, սուրդոմանկավարժ Շուշանիկ Դումիկյանը։ Եվ մասնագետի այս հանդիպումը նրա հետ առաջինը չէր։
Պատմում է մասնագետ Շուշանիկ Դումիկյանը․
«Արենի հետ առաջին հանդիպումից հետո իսկապես մտահոգություն կար, թե ինչ մեթոդներով կարելի է նրան մեր դաշտ բերել և կարգավորել նրա վարքը։ Ի սկզբանե չէինք բացառում նաև չհաջողելու տարբերակը։
Սկզբնական շրջանում Արենը չէր փորձում շփվել ընկերների հետ։ Քանի որ խոսքով չէր հաղորդակցվում, սկսեցինք փնտրել երեխայի հետ շփման այլ ճանապարհներ՝ քարտեր, այլընտրանքային սարքեր և այլն։ Փորձեցինք տարբեր մեթոդներ կիրառել, այդ թվում՝ հենց Պերկինսյան փորձը՝ օրացուցային համակարգը։ Արենը կազմում էր իր օրվա գրաֆիկը և ժամանակացույցը, ինչը հնարավորություն էր տալիս նրան պատկերացնել օրվա ընթացքում իր կատարելիք գործողությունների ծավալն ու հաջորդականությունը։ Նա գիտեր, որ այդ գործողությունները կատարելուց հետո կարող է գնալ տուն։ Սա մեթոդ էր, որը թույլ էր տալիս նրա վարքը կառավարելի դարձնել։ Կարճ ժամանակ անց փոփոխություններն արդեն ակնհայտ էին․ երեխան սկսեց սովորել դասասենյակին, ռեժիմին, աշխատելաոճին, ընդունել դասընկերներին, սովորեց դիմացինի հետ շփվելու տարրական հմտություններ։
Ուսումնական տարվա ընթացքում կամաց-կամաց բացասական վարքային դրսևորումները սկսեցին նվազման միտում դրսևորել․ Արենը գալիս էր «Ռեսուրս սենյակ» բարձր տրամադրությամբ, ժպիտը դեմքին՝ պատրաստ հետևելու դասարանի կարգ ու կանոնին։ Նա շատ արագ «ընդունեց» այդ կանոները։ Առավոտյան սենյակ մտնելուն պես հանում էր վերնահագուստը, կախում իր տեղում, փոխում կոշիկները, վերցնում իր զգայական քարտը, շոշափում, տեղադրում օրացուցային պատին, հավաքում իր անհատական դասացուցակը մասնագետի ուղղորդմամբ, սակայն՝ իր ձեռքով, կարծես ասում է՝ «ես եկել եմ՝ սովորելու, ես պատրաստ եմ»։ Այնուհետև հաճույքով մասնակցում էր «շրջանակի ժամին», որտեղ բոլորը երգում էին և բարևում միմյանց։
Հետզհետե այս սենյակը դարձավ սիրելի վայր Արենի համար, որտեղ ամեն ինչ ուներ իր գույնը, ձայնն ու նշանակությունը։ Այստեղ զարգանում էին Արենի բոլոր զգայարանները, ընկալումը, ընդլայնվում էր բառապաշարը, խոսքի ընկալումը և, ամենակարևոր բաներից մեկը, որ նա սովորեց՝ սպասելու հմտություն։ Նա սկսել էր ավելի շատ բառեր և արտահայտություններ կիրառել առօրյա խոսքում։ Արենը մատնացույց էր անում նկար-քարտերը, իրեն ծանոթ թվերն ու տառերը գրում էր նաև համակարգչով, դասավորում պատմության քայլերի հաջորդականությունը մասնագետների խոսքային ուղղորդմամբ՝ օգտագործելով Step-by-step սարքը։ Նախաձեռնում էր խաղ-վազք ընկերների հետ և զվարճանում նրանց հետ։ Սկսել էին ապաքինվել նաև ձեռքի վերքերը, որոնք առաջացել էին իր կծելու արդյունքում։
Սենյակում մենք կիրառում Էինք «Փոքրիկ ուսուցիչներ» մեթոդը, և Արենը մեր «փոքրիկ ուսուցիչներից» էր․ նա օգնում էր բոլորին հավաքել իրենց անհատական դասացուցակները կամ կատարել ուսուցչի կողմից տրված հրահանգները։
Տարեվերջին Արենը ակտիվորեն շփվում էր խմբակիցների հետ։ Նա սովորել էր խնամքով դասավորել իր իրերը, մաքրել սեղանները, լվանալ իր սպասքը։ Առավել անհամբերությամբ էր սպասում խոհանոցի ժամին։ Սիրում էր լվանալ, կտրատել, պատրաստել, և իհարկե, համեղ սնվել։ Այստեղ նա իրեն պահում էր մեծահասակի նման, օգտվում էր սպասքից՝ օգտագործելով դանակ-պատառաքաղը։ Նաև սիրում էր ընկերների հետ զբոսանքները»։
Մասնագետները, ծնողներն ու ուսուցիչները հուզմունքով էին արձանագրում Արենի յուրաքանչյուր նոր արտաբերած բառը կամ նրա հետաքրքրությունների շրջանակում կատարվող որևէ նոր գործողություն, ընդ որում, արդեն առանց ուսուցչի հրահանգի, այլև ինքնակամ՝ իր ազատ ժամերին։
Պատմում է Արենի դասվարը․
«Ի սկզբանե չէի կարող պատկերացնել, որ մի օր Արենը կկարողանա մասնակցել ամբողջ դասաժամին։ Բայց հիմա նա առաջիններից է, ով նստում է տեղում, հետևում է առաջադրանքներին, ժպտում ընկերներին։ Մենք քայլառքայլ առաջ ենք գնում։ Եվ դա այնքան մեծ հաղթանակ է թե՛ նրա և թե՛ ինձ համար։ Արենի մոտ նկատվում է մեծ ցանկություն դեպի ուսումը՝ գրում է որոշ տառեր ու թվեր։ Իր հիմնական դասարանում ևս Արենի վարքը շատ է փոխվել․ նա հետևում է իմ հրահանգներին և պատրաստակամորեն կատարում իրեն հանձնարարված առաջադրանքները։
Արենը դարձել է ավելի հանդուրժող, սկսել է շփվել դասարանցիների հետ։ Նա շատ ուրախ է, որ իրեն սկսել են հասկանալ։ Տարեվերջին արդեն նա մասնակցում էր բոլոր դասերին՝ մնալով դպրոցում մինչև դասերի ավարտը․ նրա օրերը դարձել էին շատ հագեցած, բազմազբաղ և հետաքրքիր։
Պատմում է Արենի մայրիկը․
«Երբ ասում էին՝ «ռեսուրս սենյակ», անկեղծ ասած, առանձնապես հույս չունեինք։ Շատ ծրագրեր էինք փորձել, շատ հիասթափություններ ապրել։ Բայց հիմա տեսնելով Արենի ժպիտը, երբ ինքն է պատրաստվում դասին, կամ երբ ասում է նոր բառ, մենք էլ ենք փոխվել։ Մենք սովորել ենք լսել մեր երեխային՝ ոչ միայն ականջներով, այլ նաև սրտով։ Այս ծրագիրը ոչ միայն Արենին է փոխել, այլ նաև՝ մեզ։
Փոփոխություններն ակնհայտ են նաև տանը։ Ավելացել է երեխայի ակտիվ բառապաշարը, վարքը դարձել է ավելի կառավարելի, տանը սկսել է զբաղվել կենցաղային գործերով։ Եվ այս ամենը շատ ոգևորիչ է։ Մենք թերահավատորեն էինք մոտենում այս ծրագրին, քանի որ ունեինք բազմաթիվ ծրագրերում Արենի ընդգրկված լինելու բացասական փորձը, բայց հակառակը ստացվեց․ հիմա այնքան գոհ ենք և շնորհակալ այս ծրագրում ներառված լինելու համար։ Ակնկալում ենք, որ այն կշարունակվի»։
«Ռեսուրս սենյակում բացահայտվեց բոլորովին ուրիշ Արեն։ Տղան ինքն էլ իրեն ճանաչեց որպես բարի, աշխատասեր, կարեկցող, նախաձեռնող ու պատրաստակամ մարդ։ Իհարկե, դժվարությունները շատ էին․ բավականին դժվար էր աշխատել ծնողների հետ, ովքեր մտավախություն ունեին, որ միգուցե այս ծրագիրը ևս չհաջողի։ Մյուսը երեխայի վարքագիծն էր, նրա բարդ խնդիրները․ հարկ էր երեխային հասկանալ, որպեսզի համապատասխան մոտեցում մշակվեր։ Առկա էր նաև ուսուցիչների հետ համագործակցելու դժվարությունը, բայց կարողացանք իրար հասկանալ, լրացնել միմյանց և հաջողության փոքրիկ քայլերով արդյունք ապահովել։ Իհարկե հաջողությունը հնարավոր դարձավ թիմային և համագործակցված աշխատանքի շնորհիվ, որում իրենց կարևոր ներդրումն ունեցան նաև Քնարիկ Համայակյանը և այլ մասնագետներ նույնպես», — նշում է Շուշանիկը։
Վստահ ենք, որ հաջողության այս փոքրիկ քայլերը Արենին տանելու են դեպի մեծ հաջողություններ։
17.07.2025