ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ Շվեյցարիայի Ազգային Կոմիտեի, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում 2024թ․ հոկտեմբերի 18-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց սեմինար-հանդիպում «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հանդիպող հիմնական խոչընդոտները լսողության խանգարում ունեցող երեխաների ծնողների տեսանկյունից» թեմայով։
Սեմինարավարն էր մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Բաբայանը։ Սեմինարին մասնակցում էին լսողության տարբեր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներ։
Հանդիպման նպատակն էր վեր հանել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող լսողության խնդիրներ ունեցող երեխաների ուսումնառության և սոցիալականացման գործընթացում հանդիպող հիմնական խոչընդոտներն ու խնդիրները, գտնել դրանց հաղթահարման արդյունավետ ուղիներ ու եղանակներ, ինչպես նաև նպաստել լսողության խնդիրներ ունեցող երեխաների ծնողների ծնողավարության հմտությունների զարգացմանը։
Աշխույժ հարցուպատասխանով ուղեկցվող սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության կազմակերպման և իրականացման գործընթացի այնպիսի կարևոր բաղկացուցիչների, ինչպիսիք են բոլոր սովորողների համար հասանելի կրթական պայմանները, յուրաքանչյուրին իր առանձնահատկությանը համապատասխան անհատական մոտեցումը, դասերին ներգրավվածությունը, վստահության վրա հիմնված հարաբերությունները, անվտանգությանն ու պատասխանատվությանը, ինչպես նաև՝ կյանքի համար կիրառելի գիտելիքների ու հմտությունների փոխանցումը, որը Լ․ Բաբայանի դիտարկմամբ հանրակրթության ամենակարևոր խնդիրն է։
Բանախոսն առանձնապես շեշտեց ծնողների և մանկավարժների կողմից երեխայի ուժեղ կողմերը ճանաչելու և դրանցով թույլ կողմերը ծածկելու հմտությունների ձևավորման կարևորությունը։ Նա անդրադարձավ նաև լսողության գնահատման, խնդիրների ճիշտ ախտորոշման անհրաժեշտության և լսողական սարքերից օգտվելու նպատակահարմարության խնդիրներին, տեխնոլոգիական հնարավորությունները նպատակային կիրառելու մեթոդներին ու եղանակներին։
Ծնողները բարձրաձայնեցին իրենց հուզող ու հետաքրքրող խնդիրների մասին՝ կիսվելով նաև իրենց հաջողված փորձով։
21.10.2024