2024թ․ հոկտեմբերի 22-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում անցկացվեց տասնչորսերորդ վեբինարը՝ «ՏՐԱՆՍԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ» թեմայով։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Յասմինկա Գագուլան։
Վեբինարի ընթացքում ներկայացվեցին զարգացման դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատելու տրանսդիսցիպլինար մոտեցման հիմնական սկզբունքներն ու ռազմավարությունը, հանգամանալիորեն խոսվեց այն մասին, թե ինչպես տարբեր փորձագետների հետ համագործակցելով՝ կազմել մասնագիտական թիմ մեկ երեխայի հետ աշխատելու համար։
Բանախոսն անդրադարձավ տրանսդիսցիպլինար մոտեցման ձևերին, դրանց նպատակներին, առավելություններին ու տարբերություններին, զարգացման դժվարություններով երեխաների հետ աշխատող փորձագետների աշխատանքի փոխկախվածությանն ու փոխհամաձայնեցման անհրաժեշտությանը՝ միաժամանակ կարևորելով զարգացման բազմակի բաղադրիչների դիտարկումն այս մոտեցման դեպքում։
Մասնակիցները ծանոթացան երեխայի կարիքներին վերաբերող տեղեկությունները փոխանակելու մեթոդներին ու եղանակներին, տարբեր փորձագետների գիտելիքի ու փորձի փոխանակման միջոցներին՝ այդպիսով փորձելով հասկանալ երեխայի վարքագիծը զարգացման բոլոր բաղադրիչներում՝ նրա հետ աշխատանքը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
23.10.2024