2026թ․ մայիսի 21-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «ԶԳԱՅԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ» թեմայով վեբինարը:
Վեբինարի բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Նիկոլինա Յուրիչ Տանֆարան և Իվանա Ռոգար Գոյեվիչը։
Վեբինարի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է զգայական ընկալումն առհասարակ, ինչպես է օրգանիզմն արձագանքում շրջակա միջավայրից եկող զգայական ազդակներին, ինչպես է զգայական ազդակը վերածվում արձագանքի, և ինչպիսի գործողություններ ու ռազմավարություններ պետք է կիրառել զգայական ինտեգրման խանգարման և զգայական մշակման դժվարությունների դեպքում։
Դիտարկվեցին զարգացման խնդիրներ ունեցող երեխաների վարքագծի վրա զգայական մշակման ազդեցության և զգայական ինտեգրման գնահատման, վարքագծային տարբեր դրսևորումների դեպքում համապատասխան զգայական ազդակ հաղորդելու մեխանիզմները, ինչպես նաև զգայական ազդակների նկատմամբ զգայունության տարբեր մակարդակներ ունեցող երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները։ Կարևորվեց հարմարվողական արձագանքը՝ որպես երեխայի զգայունակության չափանիշ, որն օգնում է հասկանալ՝ արդյոք զգայական մշակումը գործում է պատշաճ, թե երեխան իր զգայական գործառույթի առումով որոշակի աջակցության կարիք ունի։
Բանախոսներն ընդգծեցին հավելյալ հիմնարար զգայական խթանման կարևորությունը, որի ներգործությունը փոխում է սովորողի վարքագիծը և նպաստում նրա ակտիվ մասնակցությանը որոշակի գործողությունների, անդրադարձան զգայական տարբեր համակարգերի հետ կապված հարմարեցումներին, զգայական գնահատման գործիքակազմին, և դրանց արդյունավետ կիրառման մեթոդներին ու ռազմավարություններին։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
22.05.2026

