2026թ․ հոնիսի 30-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» թեմայով վեբինարը:
Վեբինարի բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Նիկոլինա Յուրիչ Տանֆարան և Մարթա Մեյջորսը։
Վեբինարի ընթացքում քննարկվեցին տեսալսողական խանգարում ունեցող երեխաների կրթության, հաղորդակցության և զարգացման հիմնարար սկզբունքները։ Բանախոսները ներկայացրեցին արդյունավետ կրթական ռազմավարություններ՝ հիմնված հստակ կառուցված օրակարգի վրա, որոնք ուղղված էին յուրաքանչյուր գործունեության սկզբի, ընթացքի և ավարտի կանխատեսելիության, ինչպես նաև բնական միջավայրում ուսուցման կազմակերպման ապահովմանը, հաղորդակցության բարելավմանը, մասնակցայնության ակտիվացմանը և վարքային դժվարությունների նվազեցմանը։
Անդրադարձ կատարվեց նաև շարունակական գնահատման կարևորությանը, դրա հիման վրա անհատական կրթական նպատակների սահմանմանը, ուսումնական ծրագրերի մշակմանը և անհրաժեշտ հարմարեցումների իրականացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի տեսողական, լսողական և զարգացման առանձնահատկությունները։
Առանձնահատուկ ուշադրություն հրավիրվեց հաղորդակցության նշանակությանն ու դրա ազդեցությանը տեսալսողական խանգարում ունեցող երեխաների զարգացման վրա, մասնավորապես շեշտադրվեց հաղորդակցման հասանելի ձևերի ընտրությունը (ժեստերի լեզու, շոշափողական հաղորդակցություն, Բրայլյան գրի, լսողական սարքերի, տարբեր առարկաների, պատկերների և այլ օժանդակ միջոցների կիրառում) երեխայի ինքնուրույնության, ինքնադրսևորման և համայնքային կյանքին լիարժեք մասնակցության ապահովման գործում։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
03.07.2026

