2026թ․ հուլիսի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ուղղված ներառական կրթության ոլորտում գործընկերության ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հուշագիրը ստորագրեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը և ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։
Հուշագրի նպատակն է համատեղել երկու հաստատությունների մասնագիտական և գիտակրթական ներուժը՝ նպաստելով ներառական կրթության զարգացմանը, կրթական ծառայությունների որակի բարելավմանը և ոլորտի մասնագետների կարողությունների ամրապնդմանը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի իրականացում, ուսումնամեթոդական ռեսուրսների մշակում, վերապատրաստումների և մասնագիտական միջոցառումների կազմակերպում, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համագործակցության ընդլայնում, ինչպես նաև ՀՊՄՀ ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում՝ նպաստելով ապագա մասնագետների գործնական կարողությունների ու մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Երկուստեք կարևորվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը՝ ներառական կրթության համակարգի զարգացման և կրթական ծառայությունների որակի բարձրացման նպատակով։
13.07.2026

