Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «ԳԻՏԱԿԻՑ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ» թեմայով վերապատրաստման դասընթացները շարունակվում են:
Դասընթացի նպատակն է զարգացնել ծնողների գիտելիքները, հմտություններն ու գիտակցված վերաբերմունքը արդյունավետ ծնողավարման նկատմամբ՝ նպաստելով երեխաների հուզական, սոցիալական և ճանաչողական առողջ զարգացմանը, ընտանիքում դրական հաղորդակցության ամրապնդմանը, ինչպես նաև ուսումնառության դժվարությունների կանխարգելմանն ու հաղթահարմանը։
2026թ․ մայիս–հունիս ամիսներին իրականացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են Արթիկի, Շիրակի, Արմավիրի, Վաղարշապատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Աշտարակի, Գորիսի, Սիսիանի, Վանաձորի և Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ինչպես նաև «Ձեզ համար» ԲՀԿ-ի, «Մանկական զարգացման հիմնադրամի» Վայոց ձորի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի ու Իջևանի մասնաճյուղերի սպասարկման տարածքներում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շուրջ 335 ծնողներ։
Դասընթացավարներն էին ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստողներ Արմինե Ավագյանը և Մարինե Բաբայանը։
Դասընթացը կառուցված էր տեսական և գործնական բաղադրիչների համադրման սկզբունքով՝ ապահովելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը և արդյունավետ մասնակցությունը։ Գործնական աշխատանքների, խմբային քննարկումների և իրավիճակային վարժությունների միջոցով ծնողները հնարավորություն ունեցան ամրապնդել գիտակից ծնողավարման վերաբերյալ իրենց գիտելիքները, զարգացնել արդյունավետ հաղորդակցման և համագործակցության հմտությունները, ինչպես նաև ձեռք բերել գործիքներ, որոնք կնպաստեն երեխաների լիարժեք զարգացմանը, բարեկեցությանը և ընտանիքում առողջ, անվտանգ ու աջակցող միջավայրի ձևավորմանը։
14.07.2026

