2026թ․ հուլիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ներդրումը կրթության ոլորտում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի կարիք ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական ծառայությունների ներդրման պիլոտային ծրագրի գնահատում» ծրագրի «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ծառայությունների ներդրումը կրթական համակարգում» բաղադրիչի ամփոփիչ միջոցառումը։
Միջոցառման նպատակն էր ամփոփել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ներկայացնել ձեռքբերումներն ու արդյունքները և քննարկել հետագա զարգացման հնարավորությունները։
Բացման խոսքով ներկաներին ողջունեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։
Ա․ Սվաջյանն իր խոսքում կարևորեց ծրագրի ներդրումը և այս շրջանակում իրականացված աշխատանքները՝ շեշտելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ջանքերի կենտրոնացումը երեխաների հոգեկան առողջության և հոգեսոցիալական տոկունության կարողությունների բարձրացման և հոգեսոցիալական զարգացումն ապահովելու ուղղությամբ։ Նա ընդգծեց ծրագրի շրջանակում ստեղծված նյութերի և իրականացված գործողությունների արդիականությունը ժամանակակից կրթության պահանջների համապատասխան, ինչպես նաև երեխաների կրթական, հուզական և սոցիալական զարգացման կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը․ «Մեր խնդիրն է առավել զգայուն և խոցելի երեխաներին նախապատրաստել տարբեր մարտահրավերների դիմակայմանը»։ Այս համատեքստում նա կարևորեց մանկապարտեզներում և դպրոցներում հոգեբանական ծառայության կազմակերպման բարելավմանն ուղղված աշխատանքները։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին ևս, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծեց ապահով, աջակցված և հոգեպես անվտանգ միջավայրի առկայությունը բոլոր երեխաների կրթական ներուժի լիարժեք իրացման տեսանկյունից․ «Այս համագործակցության շնորհիվ մենք նպաստել ենք դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կարողությունների ամրապնդմանը՝ ժամանակին բացահայտելու աջակցության կարիք ունեցող երեխաներին, ապահովելու անհրաժեշտ արձագանքը և ստեղծելու անվտանգ ու ներառական կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ փախստական և այլ խոցելի խմբերի երեխաները, կարող են իրացնել իրենց ամբողջ ներուժը»։ Նա կարևորեց երեխաների հոգեսոցիալական դիմակայունության ամրապնդումը և ՀՀ կրթական համակարգում հոգեկան առողջության որակյալ ծառայությունների ընդլայնումը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը անդրադարձավ ծրագրի շրջանակում իրականացված բոլոր գործողություններին, դպրոցների ու մանկապարտեզների հետ համագործակցության մեխանիզմներին՝ առանձնահատուկ կարևորելով ծրագրի հինգ հենասյուները՝ նպաստավոր պայմանների ստեղծում, ծառայությունների հասանելիություն, մանկավարժների կարողությունների զարգացում, հաստատություն-ծնող-համայնք համագործակցության ձևավորում, ինչպես նաև արձագանքման և ուղղորդման մեխանիզմների մշակում և ներդրում։ Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումները՝ նա նշեց․ «Թերևս այս համագործակցության ամենակարևոր արդյունքն այն է, որ դպրոցներն այսօր ավելի պատրաստ են նկատելու, թե երբ է երեխան աջակցության կարիք ունենում և արձագանքելու՝ նախքան նա ստիպված կլինի միայնակ հաղթահարել իր դժվարությունները»։
Այնուհետև տեղի ունեցավ «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը կրթական համակարգում․ ձեռքբերումներ, մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները շեշտադրումներ արեցին դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության համակարգի ներդրման կարևոր բաղադրիչների, դրանց արդյունավետության, մարտահրավերներին դիմակայելու և հետագա անելիքները նախանշելու ուղղությամբ։
Ամփոփելով «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը կրթության ոլորտում» պիլոտային ծրագրի արդյունքները՝ ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը՝ որպես ծրագրի փորձագետ, ներկայացրեց կրթական հաստատություններում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության պիլոտային ծրագրի ներդրման գործընթացը։ Նա նշեց ծրագրի ձեռքբերումները և հեռանկարները՝ մեկնաբանելով արձանագրված փոփոխությունները սովորողների, ծնողների, ուսուցիչների, հոգեբանների, ուսումնական հաստատությունների տնօրենների համար և կրթական համակարգում առհասարակ։
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ և ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ձեռնարկի շնորհանդեսը․ ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Ալինա Մանուկյանը և ՀՄԿ գնահատման բաժնի ղեկավար Լիանա Մարգարյանը հանգամանալիորեն անդրադարձան ձեռնարկին՝ ներկայացնելով նրա բովանդակությունը և կրթական գործընթացում նրա կիրառման հնարավորությունները։
Միջոցառումը ևս մեկ առիթ էր արժևորելու ծրագրի իրականացմանը նպաստած գործընկերների և մասնակիցների ներդրումն ու համագործակցությունը․ ՀՄԿ տնօրենը ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների, ցուցաբերած աջակցության և արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնեց ծրագրի փորձագետներին և ձեռնարկի հեղինակներին, ինչպես նաև ծրագրում ընդգրկված հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ ի դեմս տնօրենների և հոգեբանների, որպես դեսպան-դպրոց և դեսպան-մանկապարտեզ հանդես գալու համար։
Պատվոգրերի արժանացան մասնակից դպրոցների սովորողները ծրագրի շրջանակում նախագծերի մշակման և արդյունավետ իրականացման համար։ Մասնավորապես՝
- ✦ «ՈՉ ՈՔ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ» Դ․ Դեմիրճյանի «Ավելորդը» ստեղծագործության մոտիվներով | Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոց
- ✦ «ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՆ» | Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
- ✦ «ԻՄ ՆԵՐՔԻՆ ՈՒԺԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ» | Երևանի թիվ 181 հիմնական դպրոց
Մասնակիցները ստացան նաև նոթատետրեր ծրագրի ընթացքի հիշարժան պահերը պատկերող լուսանկարներով, որոնցում արտացոլված էին մեկ տարվա համատեղ աշխատանքը, ձեռքբերումները, սովորելու և համագործակցության փորձը, ինչպես նաև կրթական միջավայրում դրական փոփոխություններ ստեղծելու ճանապարհը։
Հիշեցնենք, որ ծրագրի պիլոտային փորձարկումն իրականացվել է Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի և Երևան քաղաքի 8 հանրակրթական և 8 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որի շրջանակում մշակվել են ազգային մակարդակի առանցքային փաստաթղթեր, ներառյալ ՀԱՀՍԱ հայեցակարգը, ոլորտային ուղեցույցը և ՀԱՀՍԱ կարիքների վաղ հայտնաբերման, արձագանքման և ուղղորդման մեխանիզմները, որոնք հիմք են ստեղծում կրթական համակարգում ՀԱՀՍԱ-ի համակարգված, արդյունավետ և կայուն ներդրման համար։
Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ՝ Ճապոնիայի կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից և հյուրընկալող համայնքներից տեղահանված անձանց համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում։
17.07.2026

