ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը հյուրախաղերով հանդես է գալիս ՀՀ մարզերում։
2025թ․ սեպտեմբերի 19-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը «ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ներկայացմամբ հյուրընկալվել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ն․Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում։ Ներկայացման բեմադրությունն ու հյուրախաղերը կազմակերպվել և իրականացվել են Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Մայրաք Վեյսբախ Հիմնադրամի աջակցությամբ։
«ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ»-ը (բեմադրության և բեմականացման հեղինակ` «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ռեժիսոր Մարինե Ասատրյան) պատմություն է կյանքի իմաստի որոնումներով տարված հերոսների մասին, որոնցից յուրաքանչյուրը փնտրում է իր հարցերի պատասխանները, աշխարհին ներկայանալու իր ճշմարտությունը և այդ աշխարհի մեջ ինքնադրսևորվելու իր «կետը»։
Թատերախմբի դերասանները հանդիսատեսին փոխանցեցին կարևոր ուղերձներ։ Նրանք սեփական ուժերին հավատալու, ինքնադրսևորվելու և իրենց տարբերություններով հանդերձ մեծ աշխարհի բնակիչը դառնալու, այդ տարբերություններով աշխարհն ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելու վստահություն փոխանցեցին աբովյանցի պատանի հանդիսատեսին։ Վերջիններս ոգևորությամբ ու ծափերով ողջունեցին նրանց՝ փաստացի դառնալով այդ աշխարհի բնակիչներ և մեկ անգամ ևս ամրագրելով.
Սա ՄԵՐ ԱՇԽԱՐՀՆ Է, ԵՎ ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՏԵՂ ԿԱ…
24․09.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
