2025թ․ հոկտեմբերի 14-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում անցկացվեց «Ի՞նչ է ֆունկցիոնալ տեսողությունը» թեմայով վեբինարը։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Սնեժանա Սայցը։
Ֆունկցիոնալ տեսողությունն ունի նշանակալի դեր երեխայի համընդհանուր զարգացման գործում և ազդում է նրա զարգացման բոլոր ոլորտների վրա։ Այս առանցքում դիտարկելով ֆունկցիոնալ տեսողության կարևորությունը՝ բանախոսը ներկայացրեց այն հիմնական գործոնները, որոնք պայմանավորում են երեխայի բնականոն զարգացումը տեսողության ֆունկցիայի ճիշտ գործառնության պարագայում։
Նա խոսեց տեսողության ֆունկցիաների ու ֆունկցիոնալ տեսողության, նրանց միջև տարբերությունների, տեսողության անխաթար զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների, տեսողության զարգացման խանգարումների արդյունքում երեխաների մոտ ի հայտ եկող հավելյալ դժվարությունների ու դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին։
Մասնակիցները իրազեկվեցին տեսողության զարգացման հետ կապ ունեցող տարբեր վարքագծերի, տեսողության խանգարման պատճառների, այդ խանգարման մասին վկայող վարքագծի ճանաչման վերաբերյալ, որոնք կնպաստեն տեսողության ֆունկցիայի խանգարման դեպքերի վաղ հայտնաբերման հմտությունների ձևավորմանը։
️Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
23.10.2025

 
				 
				 
				 
				
