Հոկտեմբերի 24-31-ը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից նշվում է Գլոբալ մեդիայի և տեղեկատվական գրագիտության շաբաթ։ Այն միջազգային շարժում է, որն անցկացվում է ամեն տարի և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել հասարակության տեղեկատվական գիտելիքների կատարելագործմանը։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը պարբերաբար իրականացնում է սեմինարներ ու դասընթացներ՝ ուղղված ՀՄԿ և ՏՄԱԿ-ների մասնագետների մեդիագրագիտության և համակարգչային կարողությունների զարգացմանն ու համապատասխան հմտությունների բարելավմանը։
Այս շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց հերթական սեմինարը «Համակարգչային գրագիտություն․ Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office) ծրագրի աշխատանքային գործիքների տիրապետում և հմտությունների կատարելագործում» թեմայով, որն ուղղված էր ՀՄԿ մասնագետների տեխնոլոգիական գրագիտության լավարկմանը, նրանց հմտությունների կատարելագործմանը և ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին համընթաց աշխատանքային արդյունավետության բարձրացմանը։
Սեմինարավարն էր ՀՄԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ, ՀՄԿ կայքի ծրագրավորող-պատասխանատու Հեղինե Դավթյանը։
Սեմինարն անցկացվեց ինտերակտիվ-գործնական սկզբունքով․ դիտարկվեց Microsoft Office փաթեթը։ Սեմինարավարը հանգամանալիորեն ներկայացրեց տեքստային տարբեր խմբագրիչների ծրագրային տիրույթում աշխատելու գործնական հմտությունները, անդրադարձավ թվային գործիքների կիրառության մեթոդների, ինչպես նաև առավել հաճախ հանդիպող սխալներին և դրանց ճիշտ տարբերակներին, ներկայացրեց համակարգչային աշխատանքի առանձնահատկությունները: Մասնակիցներին փոխանցվեցին թվային գործիքակազմով և ինքնաշխատ ներկառուցվող հրահանգներով առավել արդյունավետ աշխատանքի իրականացման հմտություններ։
Սեմինարն ուղեկցվում էր աշխույժ քննարկումներով ու ոգևորությամբ․ մասնակիցները գործնական վարժություններով ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների տիրույթում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
24.10.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				
