2025թ. նոյեմբերի 20-21-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց ՀՄԿ -ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «ՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ․ ՄՏԱՎՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով երկօրյա դասընթացի երկրորդ փուլը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հատուկ մանկավարժները։
Դասընթացի նպատակն էր նպաստել մասնագետների՝ մտավոր հաշմանդամություն ունեցող սովորողների համար սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված թեմաների մատչելի և հարմարեցված ուսուցման կազմակերպման կարողությունների զարգացմանը։
Դասընթացը վարում էին Արաբկիր բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ծրագրերի համակարգող Եվա Մովսեսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս և ակադեմիական համակարգող, ներառական կրթության և մենթորության փորձագետ վերապատրաստող Շողիկ Քեոշկերյանը, ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հատուկ մանկավարժ Լուսինե Հակոբյանը։
Դասընթացին անդրադարձ կատարվեց դեռահասների սեռական դաստիարակությանը վերաբերող առավել արդիական թեմաներին․
- ✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների վերարտադրողական և սեռական առողջության ուսուցում առողջ ապրելակերպի ձևավորման համատեքստում,
- ✦ փորձագետների կողմից մշակված հարմարեցված ուսումնական նյութեր «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի շրջանակներում,
- ✦ թեմատիկ դասապլանների, դասերի նպատակների և վերջնարդյունքների ներկայացում,
- ✦ երեխայի կյանքում դեռահասային տարիքի առանձնահատկություններով պայմանավորված ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական փոփոխություններ և այլն։
- ✦ Կարևորվեց խնդրի արդիականությունից բխող ռազմավարությունների և դրանց կիրառման մեխանիզմների ներդրումը, երեխաների և ծնողների իրազեկվածության բարձրացումը, սովորողներին համապատասխան տեղեկատվության և ինքնակառավարման հմտությունների փոխանցումը։
Դասընթացավարներն ընդգծեցին ինտելեկտուալ խնդիրներ ունեցող սովորողների ընկալման առանձնահատկություններով, նրանց խոցելիությամբ պայմանավորված դժվարությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը՝ սեռական և վերարտադրողական առողջության կարիքների գնահատումը դիտարկելով որպես դեպքերի բացահայտման և բռնության կանխարգելման արդյունավետ գործիք։ Ներկայացվեց սեռական և վերարտադրողական առողջության գնահատման գործիքակազմի կառուցվածքը, կիրառման սկզբունքները, նրա դերը անհատական ուսուցման պլանավորման գործընթացում, ինչպես նաև գնահատման արդյունքների և ԱՈՒՊ-ի կապը։
Դասընթացն ուղեկցվում էր ակտիվ քննարկումներով, գործնական աշխատանքներով և ինտերակտիվ աշխատարաններով։
27.11.2025

