ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ 2025թ․ դեկտեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում անցկացվեց «ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» խորագրով աշխատաժողովը, որն իրականացվում էր «ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՏԱՐՎԱ» շրջանակում։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, կրթության ոլորտի այլ պատասխանատու պաշտոնյաներ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 700 ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն էր ի մի բերել նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, քննարկել առկա խնդիրները և դրանց լուծումներին ուղղված քայլերի արդյունավետությունը՝ շեշտադրելով այդ գործընթացներում մանկավարժական հանրույթի ներգրավումը, հաստատությունների միջև համագործակցության ակտիվացումը։
Աշխատաժողովը մեկնարկեց էքսպոյով, որտեղ ներկայացված էին նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի համար նախատեսված զարգացնող խաղեր, դիդակտիկ պարագաներ, մեթոդական ուղեցույցներ և այլն։
Ողջունելով ներկաներին՝ Ժ․ Անդրեասյանն ընդգծեց նախադպրոցական կրթության դերը երեխայի կյանքում, կարևորեց մինչև 2030 թվականը հանրապետության ողջ տարածքում նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման անհրաժեշտությունը և այդ առումով անելիքների հստակեցումը։ Այդ համատեքստում դիտարկվեց նաև կրթության ոլորտում ի հայտ եկող խնդիրների արդյունավետ լուծումների տրամաբանությունը, ինչը հնարավորություն կտա վաղ բացահայտել, մասնավորապես, երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և համապատասխան քայլեր ձեռնարկել։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը հանդես եկավ «ԴԵՊԻ ԱՆՎՏԱՆԳ և ԱՊԱՀՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» զեկույցով։ Խոսելով ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ նա շեշտեց անվտանգությունն ու ապահովությունը՝ որպես երեխայի առօրյայի կարևոր բաղկացուցիչներ, անդրադարձավ նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման ընթացակարգին և դրանցում նախակրթարանների ընդգրկվածությանը, մենթորական նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությանը, տարակարգին, մանկավարժների և օգնականների վերապատրաստումներին՝ գնահատելով դրանց արդյունավետությունը երեխաների վարքի կառավարման և առկա մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև այս ոլորտում մասնագիտական զարգացման ապահովման տեսանկյունից։
Աշխատաժողովը շարունակվեց պանելային քննարկման ձևաչափով, որի խոսնակներից էր նաև ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նա կարևորեց նախադպրոցական կրթության մեջ երեխայի ներառումը և նախադպրոցական ուսումնական հաստատությունների դերն այդ գործընթացում։ Անդրադառնալով երեխայի հոգեբանական անվտանգությանը՝ Լ.Մնացականյանը առանձնացրեց հինգ կարևոր հենասյուներ․
- ✦ Միջավայրի բարեկեցություն և անվտանգություն
- ✦ Մանկավարժների բարեկեցություն և անվտանգություն
- ✦ Ուսումնամեթոդական օժանդակող նյութերի մշակում և վերապատրաստումներ
- ✦ ՆՈՒՀ-երի հոգեբանների և լոգոպեդների հաստիքների ամրագրում
- ✦ Համագործակցություն ծնողների հետ։
Այս շրջանակում նա ներկայացրեց նաև ՀՄԿ-ի գործողությունները նախադպրոցական 8 հաստատություններում իրականացվող «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ներդրում» պիլոտային ծրագրի, համակարգի ներդրման ընթացակարգերի, ֆիզիկական մատչելիության և խելամիտ հարմարեցումների ուղղությամբ։
«ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» աշխատաժողովին տարբեր աշխատարաններում զեկույցներով հանդես եկան նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանի ««ԻՆՉ ՀԱՄ ՈՒՆԻ ԼՈՒՍԻՆԸ» ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՊԱՀՈՎ և ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐ» թեմայով զեկույցը նվիրված էր նախադպրոցական կրթական միջավայրում հոգեբանական անվտանգության ապահովմանը և փոխհարաբերությունների զարգացմանը ինտերակտիվ մոտեցումների, խաղերի, վարժությունների և պատմությունների կիրառմամբ: Մասնակիցները ծանոթացան գործիքների, որոնք նպաստում են երեխաների փոխհարաբերությունների և հուզական բարեկեցության զարգացմանը։
ՀՄԿ Գնահատման բաժնի ղեկավար Լիանա Մարգարյանը հանդես եկավ «ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԱՊԱՀՈՎ ԽԱՂԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ․ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ 3-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» զեկույցով։ Նա մասնակիցներին ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, գործնական մոտեցումներն ու գործիքները, որոնք միտված են նախադպրոցական տարիքի երեխաների համար անվտանգ խաղային միջավայրերի ձևավորմանը։
«ԱՊԱՀՈՎ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՅՍՕՐ, ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԳԱ ՎԱՂԸ» թեմայի շրջանակում ՀՄԿ Մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Արմինե Ավագյանը մանրամասնեց երեխաների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական անվտանգության ապահովման պայմանները՝ ընդգծելով, որ անվտանգ միջավայրը երեխայի առողջ զարգացման, ինքնավստահության և բարեկեցության հիմնասյունն է։ Անդրադարձ կատարվեց նաև կանխարգելիչ մոտեցումներին, մասնագետների դերին և համագործակցության նշանակությանը՝ կրթական ու սոցիալական միջավայրերում անվտանգ ներկա ստեղծելու և դրա միջոցով անվտանգ ապագա ձևավորելու համատեքստում։
Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող Օֆելյա Գրիգորյանն իր «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» զեկույցում անդրադարձավ նախադպրոցական տարիքի երեխաների հուզական կայունության ու պաշտպանվածության կարևորությանը, հոգեկան առողջության խթանման և հոգեսոցիալական բարեկեցության ձևավորման գործում մանկավարժական աշխատողների դերի գիտակցմանը, նրանց կողմից այնպիսի գործողությունների իրականացմանը, որոնք կնպաստեն աջակցող միջավայրի ստեղծմանը։
Աշխատաժողովն ամփոփվեց նախադպրոցական կրթական այնպիսի համակարգի ձևավորմանն ուղղված շեշտադրումներով, որտեղ յուրաքանչյուր երեխա զգում է իրեն կարևոր, ընդունված և պաշտպանված։
19.12.2025


