Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Եղեք միշտ երջանիկ ու գնահատված՝ շրջապատված ընտանեկան ջերմությամբ ու սիրով։
Պատահական չէ, որ հասարակության վերընթաց զարգացումը մեծապես պայմանավորված է հասարակական կյանքում կնոջ ակտիվ դերով և այդ կյանքը փոխելու նրա վճռականությամբ։ Հատկապես մեծ նշանակություն ունեն կրթության ոլորտում կանանց ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը․ երբ կանայք ունեն կրթություն ստանալու և կրթական գործընթացներին մասնակցելու հավասար իրավունքներ, նրանք կարողանում են զարգացնել իրենց կարողությունները, դառնալ ինքնուրույն և ակտիվ անդամներ հասարակության մեջ։
Հատկանշական է նաև կանանց ակտիվ մասնակցությունը կրթության կառավարման և որոշումների կայացման մակարդակներում․ կրթական քաղաքականության մշակման և բարեփոխումների իրականացման մեջ կանանց ներգրավվածության շնորհիվ պետության կողմից ավելի մեծ ուշադրություն է դարձվում ներառականությանը և երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Սա իր հերթին նվազեցնում է սոցիալական անհավասարությունը և խթանում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։
Կինը ոչ միայն գիտելիք ստացող է, այլ նաև գիտելիք փոխանցող, սերունդ ձևավորող և հասարակության արժեքները կրող կարևոր դերակատար։ Կրթական միջավայրում կանայք կարողանում են ստեղծել հոգատար, համագործակցային և աջակցող մթնոլորտ, որը նպաստում է սովորողների համակողմանի զարգացմանը և կրթության որակի բարձրացմանը։
Սիրելի կանայք, թող Մարտի 8-ի խորհուրդն արժևորվի ամեն օր՝ որպես սիրո և երջանկության, ընկալված և գնահատված լինելու, դրական տրամադրություն ստանալու և փոխանցելու խորհրդանիշ։
08.03.2026

