ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) համագործակցությամբ 2026թ․ ապրիլի 9-10-ը անցկացվեց «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրենների համար։ Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության European Union in Armenia կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության UN Women Armenia ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։
Դասընթացի նպատակն էր տնօրենների միջոցով ՏՄԱԿ-ների և ուսումնական հաստատությունների մասնագետներին փոխանցել ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, դրանց արձագանքելու և ուղղորդելու գործուն մեխանիզմներ՝ նպաստելով նրանց կարողությունների զարգացմանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վաչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Անվտանգ և ապահով կրթական միջավայրի ապահովումը դիտարկելով պետության առաջնահերթությունների շարքում՝ ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանը կարևորեց այս շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները՝ ընդգծելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի դերակատարումն ու ստանձնած պատասխանատվությունը այս գործընթացում (համապատասխան ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացում, երեխաների պաշտպանության (ԵՊ) թիմերի ձևավորում, վերապատրաստումների իրականացում և այլն)։ Նա առանձնահատուկ նշեց արձագանքման և ուղղորդման մեխանիզմների մշակման ու ներդրման կարևորությունը տարբեր, այդ թվում նաև ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման համատեքստում:
Երեխայի ուսումնառության որակն առկախելով ընտանեկան և դպրոցական անվտանգ միջավայրերից՝ Ա. Մուրադյանն առանձնացրեց ՏՄԱԿ-ների դերը ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման և արձագանքման մեխանիզմների ներդրման գործընթացում։
Լ. Սարգսյանն այս առումով կարևորեց պետության տարբեր կառույցների համագործակցված աշխատանքը՝ յուրաքանչյուրի անելիքները վերագնահատելու և հստակեցնելու և ընտանիքներում առկա խնդիրները վերհանելու նպատակով։ Ընդգծվեց վերապատրաստումների փուլային իրականացման անհրաժեշտությունը տնօրենների իրազեկվածությունը բարձրացնելու, նրանց կողմից ղեկավարվող հաստատությունների մասնագետներին արձագանքման և ուղղորդման համապատասխան գործիքներ փոխանցելու նպատակով։
Դասընթացավարներն էին փորձագետներ Սիրանուշ Դավթյանը՝ կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, և Դավիթ Թումասյանը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան։
Վերապատրաստման դասընթացի առանցքային թեմաներն առնչվում էին ընտանեկան բռնության հոգեբանական և իրավական ասպեկտների ներկայացմանը՝
- ✦ Գենդերային սոցիալականացում` հիմնական առանձնահատկություններ, կարծրատիպեր
- ✦ Ընտանեկան և կենցաղային բռնություն՝ հիմնական առանձնահատկությունները, դրսևորումները, փուլերն ու մեխանիզմները
- ✦ Ընտանեկան և կենցաղային բռնության ազդեցությունը երեխաների վրա
- ✦ Ինչպես ճանաչել բռնությունը՝ բռնության հոգեբանական ու վարքային հետևանքները,
- ✦ Հոգեբանական տրավման որպես բռնության հետևանք
- ✦ Ընտանեկան և կենցաղային բռնության հասկացությունը, տեսակները, պաշտպանության միջոցները և իրավիճակը ՀՀ-ում
- ✦ Երեխայի նկատմամբ բռնությունը և երեխայի հետ վարվեցողության կանոններն ու հարցազրույց վարելու տակտիկան:
Վերապատրաստման ընթացքում բանախոսներն ուշադրություն հրավիրեցին գենդերային սոցիալականացման դժվարություններ ունեցող անձանց հիմնախնդիրներին, ընտանեկան և կենցաղային բռնության ճանաչման, դրանց ազդեցության գնահատման, հետևանքները կանխարգելելու մեխանիզմներին։
Դասընթացն ուղեկցվում էր դեպքերի քննարկումներով, իրավիճակային խաղերով, որոնց ընթացքում մասնակիցները փոխանակվեցին դիտարկումներով, տեսակետներով ու մասնագիտական փորձով։
13.04.2026

