Սոցիալ-մանկավարժական ծառայություն

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի սոցիալական մանկավարժը

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցելող երեխաների հետ իր մասնագիտական աշխատանքն է իրականացնում սոցիալական մանկավարժը: Սոցիալական մանկավարժն իրականացնում է սոցիալ-մանկավարժական գործունեություն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հետ, ստեղծում բարենպաստ պայմաններ անձի զարգացման և սոցիալականացման համար:

Սոցիալական մանկավարժի աշխատանքը մանկավարժական գործունեության տեսակ է և նրա հիմնական ուղղվածությունը երեխայի կրթությանն առնչվող հարցերում միջնորդի դեր կատարելն է, հարաբերություններում 3-րդ կողմի հանդես գալն է:

Սոցիալական մանկավարժի աշխատանքի նպատակը սոցիալ-մանկավարժական խնդիր ունեցող երեխաների ինտեգրումն է հասարակությանը, նրանց սոցիալ-մշակութային և սոցիալ- մանկավարժական գործառույթների ակտիվացումը: Շատ երեխաներ իրենց առանձնահատկություններից ելնելով դժվարությամբ են ձեռք բերում հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակության մեջ ինտեգրվելու համար: Այս երեխաներին անհրաժեշտ է սոցիալ-մանկավարժական մասնագիտական օգնություն:

Սոցիալական մանկավարժը իր աշխատանքը սկսում է ծնողների հետ զրույցից, ընտանիքի ուսումնասիրությունից, որի ընթացքում տեղեկություններ է հավաքագրում երեխայի առանձնահատկությունների մասին, հասկանում ինչպիսի աշխատանք է անհրաժեշտ իրականացնել: Սոցիալական մանկավարժը գործի դնելով իր մանկավարժական հաղորդակցման հմտությունները պետք է կարողանա կոնտակտ հաստատել երեխայի հետ, ինչն աշխատանքի արդյունավետության գրավականն է:

Նա իր աշխատանքը կառուցում է հիմնականում փոխվստահության, փոխաջակցության մթնոլորտի վրա:

Skip to content