ԿԱՎԱԹԵՐԱՊԻԱ
Կավաթերապիան արտթերապիայի ճյուղերից է, որն օգտագործում է կավը թերապևտիկ նպատակներով։
Կավը համատեղում է ֆիզիկական և մտավոր աշխատանքը։ Գիտնականները վաղուց ապացուցել են խոսքի զարգացման կապը մանր մոտորիկայի զարգացման հետ։ Ինչքան շատ է երեխան աշխատում մատներով, այնքան արագ է զարգանում, լավ է խոսում և մտածում։
Կավի հետ աշխատելիս ավելի շատ ուշադրություն է հատկացվում շոշափողական զգայությանը, քան տեսողությանը, և այսպիսով ձեռք է բերվում նոր զգայական փորձ։ Կավի հետ աշխատելու շնորհիվ ձեռք է բերվում շոշափողական ընկալման փորձ. «փափուկ-կոշտ», «տաք-սառը», «թաց-չոր» մակարդակներում։
ԱՎԱԶԱԹԵՐԱՊԻԱ
Ավազաթերապիան արտթերապիայի ճյուղերից է։ Երեխաների հետ իրականացվող աշխատանքներում ներկայումս լայնորեն կիրառվում է ավազաթերապիայի մոդիֆիկացված ճյուղը։ Ի տարբերություն դասական ավազաթերապիայի մոդիֆիկացիաներն առավել ճկուն են և թույլ են տալիս մասնագետին ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել թե՛ աշխատանքի կազմակերպման, ընթացքի, թե՛ ավազի կիառման նպատակների հետ կապված։
Եթե դասական ավազաթերապիայի գլխավոր նպատակը հոգեբանական խնդիրների հետ աշխատանքն է, ապա ավազաթերապիայի մոդիֆիկացիաները հաջողությամբ աշխատում են զանգացնող և շտկողական աշխատանքներում հոգեկան ֆունկցիաների, անձնային, հուզակամային, ճանաչողական, արժեքային ոլորտների, ինչպես նաև մանր մոտորիկայի զարգացման նպատակով։
Ավազաթերապիան թույլ է տալիս հուզական կոնտակտ հաստատել երեխայի հետ, նպաստում է հաղորդակցմանը և տալիս զգայական նոր փորձ։
ՆԿԱՐՉԱԹԵՐԱՊԻԱ
Նկարչաթերապիան արտթերապիայի ճյուղերից է։ Այն նպաստում է միջկիսագնդային հարաբերությունների համակարգմանը. ակտիվանում են պատկերային և վերացական մտածողությունը։
Նկարչաթերապիայի ընթացքում գործածվող գեղարվեստական նյութերը օգնում են տեսնել և շոշափել, նպաստում են հուզական վերելքին և ինքնագիտակցմանը։
Ստեղծագործական աշխատանքի ընթացքում երեխաները շփվում են միմյանց հետ և հաճախ հաղորդակցվում իրար հետ մի նոր մակարդակի վրա, կիսվում մտքերով, զգացմունքներով և զգացողություններով։
ԳՈՒՆԱՎՈՐ ՊՂՊՋԱԿՆԵՐՈՎ ՆԿԱՐՉԱԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԽԱՂ
Գունավոր պղպջակներով նկարչաթերապևտիկ խաղի կիրառումը դրական հույզեր և ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ, թույլ է տալիս հուզական կոնտակտ հաստատել նրանց հետ, զարգացնում է երևակայությունը և պատկերային մտածողությունը։
Խաղի ընթացքում երեխաները մեծ ոգևորություն են ապրում` տեսնելով, թե ինչպես են գունավոր փրփուրները թափվում թղթի վրա, խառնվում իրար, և ստեղծվում են ուրիշ գույներ։