ԳՈՒՆԱՎՈՐ ՊՂՊՋԱԿՆԵՐ
Նպատակ
Երեխայի հետ հուզական կապ հաստատել, նպաստել ոգևորության և դրական հույզերի արտահայտմանը, զարգացնել ուշադրությունը, հաղորդակցման հմտությունները, գունային ընկալումը, խթանել մոտիվացիան, վերահսկել և կարգավորել շնչառությունը:
Անհրաժեշտ նյութեր
Գուաշ, օճառ, ջուր, պլաստիկե բաժակներ (ցանկալի է թափանցիկ), խողովակաձև պլաստիկե ձողիկներ, թուղթ:
Տևողություն
20-30 րոպե
Տարիք
3-7 տարեկան
Հրահանգ
Հիմա միասին նկարելու ենք: Մի ձողիկը տալիս եմ քեզ, որ դու փչես, մյուսով ես եմ փչում: Փչում ենք բաժակների մեջ այնպես, որ պղպջակներ առաջանան, հետո դրանք դնում ենք թղթի վրա:
Ընթացք
Բաժակների մեջ լցնում ենք մի քիչ ջուր, օճառ, ներկեր և խառնելով ստանում գունավոր օճառաջուր: Հետո ձողիկով փչում ենք դրանց մեջ այնպես, որ օճառապղպջակներ առաջանան: Պղպջակները դնում ենք թղթի վրա և ստանում նկար: Պարբերաբար փոխում ենք գույները, որպեսզի նկարը գունագեղ ստացվի:
Ցուցումներ
Եթե երեխան չի կարողանում փչել, ապահովության համար սկզբնական շրջանում փչում ենք մենք, իսկ նա ձողիկով փրփուրը տարածում է թղթի վրա կամ ձեռքերով խաղում նրա հետ: Անհրաժեշտ է զգոն և ուշադիր լինել խաղի ընթացքում, որպեսզի երեխան ձողիկով փչելու փոխարեն չխմի օճառաջուրը:
ՆԿԱՐՈՒՄ ԵՆՔ ԳՆԴԱԿՈՎ
Նպատակ
Սովորեցնել համագործակցել, սպասել, միմյանց հերթ տալ, զիջել: Զարգացնել կոորդինացիան և խոշոր ու մանր մոտորիկան, երաժշտության միջոցով նպաստել երեխաների ռիթմի զգացողության զարգացմանը։
Անհրաժեշտ նյութեր
Ակրիլային ներկեր կամ գուաշներ, վրձիններ, ջուր և թուղթ։
Տևողություն
15-20 րոպե
Տարիք
3-7 տարեկան
Հրահանգ
Հիմա մենք նկարելու ենք գնդակով: Գնդակը թաթախում ենք տարբեր գույների ներկերի մեջ ու գլորում իրար:
Ընթացք
Երեխաները ձեռքի ափի չափ ունեցող գնդակը թաթախում են որևէ գույնի ներկի մեջ, օրինակ` կարմիր, և թղթի վրայով գլորում միմյանց: Գնդակը գլորվում է՝ թողնելով գունավոր հետագիծ։ Հետո գնդակը թաթախում են մեկ այլ, օրինակ՝ կապույտ գույնի մեջ, և այդպես շարունակում խաղը: Երաժշտության ռիթմը պարբերաբար փոխվում է, և երեխաները գնդակը գլորում են ռիթմին համապատասխան:
Ցուցումներ
Այս խաղ-վարժությունը մասնագետը սկսում է կատարել մեկ երեխայի հետ։ Այնուհետև, երբ երեխան պատրաստ է ներառվելու խմբային պարապմունքներին, կարելի է այն իրականացնել նաև մի քանի երեխաների մասնակցությամբ: Եթե երեխան գերզգայուն է և չի դիպչում ներկված գնդակին, ապա կարելի է օգտագործել պատրաստի նկար-սխեմաներ, որտեղ «գծված են ճանապարհները», և գնդակը գլորել այդ ճանապարհներով՝ մի փոքր փոխելով խաղի բովանդակությունը:
ՁԵՌՔԵՐՈՎ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նպատակ
Նպաստել երեխաների միջև հաղորդակցության հաստատմանը, զարգացնել լսողությունը, ռիթմի զգացողությունը, ուշադրությունը և երևակայությունը, համատեղ աշխատելու կարողությունը: Երեխաներին հաղորդել զգայական նոր փորձ:
Անհրաժեշտ նյութեր
Գուաշներ, տարաներ, պատին ամրացված մեծ թուղթ, ջուր, տարբեր ռիթմի երաժշտական ստեղծագործություններ:
Տևողություն
15-20 րոպե
Տարիք
3-7 տարեկան
Հրահանգ
Հիմա մենք մեր ձեռքերը թաթախելու ենք ներկերի մեջ և նկարելու ենք ձեռքերով:
Ընթացք
Երեխաները ձեռքերը թաթախում են ներկերով լի տարաների մեջ և երաժշտության ներքո նկարում պատին ամրացված թղթի վրա: Ընթացքում, երբ փոխվում է երաժշտությունը, երեխաները մասնագետի հրահանգով բռնում են միմյանց ձեռքերը և շրջան կազմելով պտտվում:
Ցուցումներ
Այս խաղ-վարժությունը մասնագետն իրականացնում է նախ մեկ երեխայի հետ։ Այնուհետև, երբ երեխան պատրաստ է ներառվելու խմբային պարապմունքներին, կարելի է այն իրականացնել նաև մի քանի երեխաների մասնակցությամբ: Եթե երեխան գերզգայուն է, չի դիպչում ներկերին կամ ջրին, ապա սկզբնական շրջանում նրա միայն մատն ենք թաթախում և նկարում մատիկով: Իսկ եթե մատն էլ չի ցանկանում թաթախել, ապա կարող ենք առաջարկել նկարել ականջի փայտիկներով:
Խաղի 2-րդ տարբերակ
Երեխաները ձեռքերը թաթախում են ներկերի մեջ, կանգնում իրար դիմաց և երաժշտության ռիթմին համահունչ ծափ զարկում կամ շփում ափերը։ Այսպիսով գույները խառնվում են, որից հետո նրանք սկսում են ափերով նկարել պատին փակցված մեծ թղթի վրա։ Այսպես ստացվում է համատեղ նկար:
ՆԿԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ
Նպատակ
Զարգացնել հաղորդակցման հմտությունները, շփման, դիմացինին զիջելու և համագործակցելու կարողությունները, ուշադրությունը, ինչպես նաև՝ մանր մոտորիկան, տեսողական և լսողական ունակությունները:
Անհրաժեշտ նյութեր
Ջրաներկ կամ յուղային պաստելներ, ջուր, վրձիններ, թղթեր, երաժշտական ստեղծագործություններ:
Տևողություն
20-30 րոպե
Տարիք
3-7 տարեկան
Հրահանգ
Հիմա մենք նկարելու ենք միասին:
Ընթացք
Այս խաղը կարելի է կազմակերպել երկու և ավելի երեխաների հետ: Մասնագետը կարող է առաջինն ինքը սկսել նկարել՝ երեխաների համար առաջադրանքը պարզ դարձնելու համար: Կարևոր չէ, թե ինչ է պատկերվում թղթի վրա, կարևոր է ընթացքը՝ համատեղ աշխատելու կարողությունը:
Ցուցումներ
Եթե երեխան գերզգայուն է և հրաժարվում է ներկերից, կարելի է նույն սկզբունքը կիրառել կավով կամ պլաստիլինով աշխատանքում:
ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ՀՈՒՅԶԵՐԸ
Նպատակ
Զարգացնել հույզեր և զգացմունքներ արտահայտելու և դրանց մասին տեղեկացնելու կարողությունը, մանր մոտորիկան, ուշադրությունը, հաղորդակցման հմտությունները:
Անհրաժեշտ նյութեր
Պլաստիլին, թուղթ, ջրաներկ, նկարչական փրփուր, կավ կամ ավազ:
Տևողություն
20-30 րոպե
Տարիք
3-7 տարեկան
Հրահանգ
Հիմա միասին պատկերելու ենք տարբեր հույզեր: Արի՛ սկսենք ուրախությունից: Վերցրո՛ւ պլաստիլինը ու փորձի՛ր պատկերել ուրախ դեմք:
Ընթացք
Տարբեր նյութերի (ջրաներկ, ավազ, փրփուր, պլաստիլին) օգնությամբ երեխայի հետ պատկերում ենք տարբեր հույզեր (ուրախություն, տխրություն, զայրույթ, վախ, զարմանք և այլն) ու մեկնաբանում դրանք: Օրինակ՝ սկզբում կարող ենք վերցնել պլաստիլին, պատրաստել գլանակ, գնդիկներ և գունավոր թղթի վրա փակցնել ժպիտ, աչքեր և այլն: Հետո մեկնաբանում ենք՝ ցույց տալով երեխային ստացված պատկերը: Թողնում ենք, որպեսզի երեխան նաև ինքնուրույն պատկերի ուրախություն արտահայտող դեմք:
Ցուցումներ
Եթե երեխան դժվարանում է, ապա խաղի սկզբում նրան ցույց ենք տալիս հույզերի նկար-պատկերներ, որից հետո սկսում ենք պատկերել դրանք: Եթե անհրաժեշտ է, ապա օգնում ենք երեխային՝ ուղղորդելով նրան: Նյութը ընտրում ենք երեխայի նախասիրությունից ելնելով, օրինակ՝ մի երեխայի պարագայում կարող է արդյունավետ լինել աշխատել կավով, մեկ ուրիշի դեպքում՝ ներկերով:
ԳՈՒՆԱՎՈՐ ՇՐՋԱՆՆԵՐ
Նպատակ
Զարգացնել հաղորդակցման, փոխօգնության հմտությունները, տարածության մեջ կողմնորոշվելու, արագ շարժվելու ունակությունները: Նպաստել գույները ճանաչելու, տարբերակելու, անվանելու, զուգորդումներ կատարելու կարողությունների զարգացմանը:
Անհրաժեշտ նյութեր
Նախապես պատի վրա նկարված փոքրիկ շրջաններ և դրանց գույներին համապատասխան գունավոր թղթե շրջաններ, աշխույժ ռիթմով երաժշտական ստեղծագործություն:
Տևողություն
10-15 րոպե
Տարիք
3-7 տարեկան
Հրահանգ
Հիմա այս գունավոր թղթե շրջանները միասին փակցնելու ենք պատին նկարված շրջանների վրա համապատասխան գույներով:
Ընթացք
Միացնում ենք աշխույժ ռիթմով երաժշտություն և երեխաների հետ սեղանին դրված գունավոր շրջանները փակցնում պատին նկարված գունավոր շրջանների վրա համապատասխան գույներով:
Ցուցումներ
Մասնագետը խաղը կարող է սկսել խաղալ մեկ երեխայի հետ, այնուհետև կարելի է կիրառել նաև խմբային ձևաչափը: Շրջանները փակցնելու ընթացքում երեխային հարցնում ենք, թե ինչ գույնի է տվյալ շրջանը, և սպասում, մինչև նա պատասխանի։ Եթե դժվարանում է՝ կիրառում ենք հուշումներ: