Կավաթերապևտիկ խաղ-վարժություններ | Թագուհի Ստեփանյան | Բլոգ | ՀՄԿ

ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՎԻՆ

Նպատակ

Երեխաներին ծանոթացնել կավի տարբեր հատկություններին, զարգացնել շոշափողական ընկալումները, թուլացնել մկանային լարվածությունը:

Անհրաժեշտ նյութեր

Կավ, փայտե տախտակներ, ջուր, կավագործական գործիքներ:

Ընթացք

Մասնագետի հրահանգով կամ օգնությամբ երեխաները տրորում են կավը, սեղմում այն, ձգում, հետո՝ հարթեցնում, գրտնակում, անցքեր բացում նրա վրա, համապատասխան գործիքի միջոցով կտրում, ոլորում և այլն:

Ցուցումներ

Այս վարժությունը կավաթերապիայի նախապատրաստական փուլն է, որի ընթացքում երեխաները ծանոթանում են կավի տարբեր հատկություններին: Եթե երեխան չի կարողանում կատարել անհրաժեշտ հրահանգները, ապա սկզբնական շրջանում մասնագետը օգնում է նրան։

ԿԱՎԵ ԽՆՁՈՐՆԵՐ

Նպատակ

Ձևավորել հաղորդակցման հմտություններ, կարգավորել շարժումների կոորդինացիան, ուժն ու ճշգրտությունը, ակտիվացնել ակամա ուշադրությունը, զարգացնել շոշափողական ընկալումները և մանր շարժունակությունը։

Անհրաժեշտ նյութեր

Կավ, փայտե տախտակներ, փոքրիկ զամբյուղ, ջուր, կավագործական գործիքներ:

Ընթացք

Մասնագետը խնդրում է երեխաներին պատրաստել խնձորներ և լցնել զամբյուղի մեջ։ Նա վերցնում է կավի մի կտոր և, տրորելով ձեռքերի ափերով, ստանում է փոքրիկ խնձոր: Հետո կավի մի ուրիշ կտոր դնում է երեխաների ափերի մեջ, որպեսզի նրանք ևս փորձեն ստանալ նույնպիսի խնձորներ: Պատրաստված խնձորները լցվում են զամբյուղի մեջ: Պետք է պատրաստել այնքան խնձոր, որքան անհրաժեշտ կլինի զամբյուղը լցնելու համար:

Ցուցումներ

Եթե երեխան չի կարողանում ինքնուրույն պատրաստել, ապա սկզբնական շրջանում մասնագետը օգնում է նրան։

ԱԼԻՔՆԵՐ ԳԵՏԻ ՄԵՋ

Նպատակ

Զարգացնել շոշափողական ընկալումները և մանր շարժունակությունը, կարգավորել շարժումների կոորդինացիան, կենտրոնացնել ուշադրությունը, թուլացնել մկանային լարվածությունը։

Անհրաժեշտ նյութեր

Կավ, փայտե տախտակներ, գետի նկար, ջուր:

Ընթացք

Մասնագետը խնդրում է երեխաներին կավից պատրաստել ալիքներ և նրանցով ծածկել նկարում պատկերված գետը: Դրա համար նա վերցնում է կավի մի կտոր և, ձեռքերով երկարացնելով ու կավե երկար ժապավեն ստանալով, ոլորում է` ալիքի ձև հաղորդելով նրան: Հետո երեխաներին տալիս է կավի ուրիշ կտորներ, որպեսզի նրանք նույնպես պատրաստեն նույնպիսի կավե «ալիքներ»: Պատրաստված ալիքներով ծածկում են գետի նկարը:

Ցուցումներ

Եթե երեխան չի կարողանում ինքնուրույն կատարել հրահանգը, ապա սկզբնական շրջանում մասնագետը օգնում է նրան։

Skip to content