ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԹՄԲՈՒԿԻ ՄԻՋՈՑՈՎ
Նպատակ
Ձևավորել երկխոսելու ունակություն, զարգացնել հաղորդակցման հմտությունները, ուշադրությունը, խոսքը:
Անհրաժեշտ նյութեր
Թմբուկ կամ որևէ այլ երաժշտական գործիք:
Տևողություն
10-15 րոպե
Տարիք
3-7 տարեկան
Հրահանգ
Հիմա միասին խոսելու ենք թմբուկի միջոցով:
Ընթացք
Երեխայի հետ նստում ենք դեմ-դիմաց և, հարվածելով թմբուկին, սկսում երկխոսել նրա հետ այսպես. «- Բարև, Սամվել։ – Բարև։ – Ինչպե՞ս ես։ – Լավ եմ։ – Հիմա ի՞նչ ես անում։ – Ես նվագում եմ (կամ Սամվելը նվագում է): – Որտե՞ղ ես ապրում: – Ես ապրում եմ Երևանում» և այլն:
Ցուցումներ
Այս մոտեցումը հետագայում կարելի է կիրառել նաև խմբային խաղերի ժամանակ, օգտագործելով նաև տարբեր երաժշտական գործիքներ: Այս խաղը կարելի է կիրառել այն երեխաների հետ, ովքեր տիրապետում են բանավոր խոսքին, սակայն այն չեն օգտագործում հաղորդակցման նպատակով:
ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ
Նպատակ
Զարգացնել հաղորդակցման, ինքնարտահայտման հմտությունները, ձևավորել իմպրովիզացիոն և ստեղծագործական մոտեցում տարբեր սոցիալական իրավիճակների համար, նպաստել ինչպես երեխաների, այնպես էլ մասնագետի և երեխայի միջև հաղորդակցության հաստատմանը:
Անհրաժեշտ նյութեր
Տարբեր երաժշտական գործիքներ:
Տևողություն
15-20 րոպե
Տարիք
3-7 տարեկան
Հրահանգ
Հիմա միասին խոսելու ենք թմբուկի միջոցով: Հիմա մենք ընտրում ենք մեկական երաժշտական գործիք։ Դրանցով փորձելու ենք նվագել միասին:
Ընթացք
Երեխային առաջարկվում է ընտրել որևէ երաժշտական գործիք և սկսել նվագել: Մասնագետը կարող է առաջինը սկսել և երեխային առաջարկել շարունակել կամ համատեղ նվագել: Ընթացքում երեխան կարող է փոխել գործիքը:
Ցուցումներ
Խաղը կարելի է իրականացնել նաև խմբային ձևաչափով: Կարելի է նվագել նաև միևնույն երաժշտական գործիքով՝ պարբերաբար փոխանցելով այն միմյանց: