2021թ․ հուլիսի 7-ին Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ծրագրի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ հանրակրթական դպրոցների բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների հետ, որոնք վարեցին «Այբ» կրթական հիմնադրամի վերապատրաստող մասնագետները։
Հանդիպումները տեղի ունեցան Դիլիջանի կենտրոնական դպրոցում, Իջևանի, Նոյեմբերյանի ավագ դպրոցներում և Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում:
Հանդիպման նպատակն էր Տավուշի մարզի ուսուցիչներին ներկայացնել նոր ներդրվող չափորոշիչները, դրանց առանձնահատկությունները, վերապատրաստման ծրագրի նպատակը և ժամանակացույցը:
Հանդիպման ընթացքում դասընթացավարների կողմից շեշտադրվեցին հետևյալ կարևոր կետերը.
✦ գործող և ներդրվող չափորոշիչների տարբերությունները,
✦ կարողունակությունների վրա հենված ուսուցումը,
✦ «կարողունակություն» տերմինը և դրա հիմնական բաղադրիչները,
✦ առարկայակենտրոնից աշակերտակենտրոն դասավանդման անցնելու տարբերությունները։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման նպատակով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում մեկնարկել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի և ուսուցիչների վերապատրաստումները։