Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային առցանց խորհրդակցություն:
Քննարկմանը մասնակցում էին Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամի (ԿԶՆԱԿ), ԿԳՄՍ նախարարության hանրակրթության վարչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տավուշի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի և «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները:
Հանդիպման նպատակը հիմնական անելիքները, աշխատանքների ժամկետներն ու դրանցով պայմանավորված հնարավոր խնդիրները նախանշելն էր։
Նախարարությունն այժմ հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար:
Սեպտեմբերի 1-ից առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում:
Մինչև սեպտեմբեր Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցիչները ԵՄ դրամաշնորհային ծրագրով կվերապատրաստվեն: ԲՏՃՄ առարկայական բնագավառի վերապատրաստումներն իրականացվելու են «ԱՅԲ» հիմնադրամի, հումանիտար-հասարակական ուղղությամբ` ԿԶՆԱԿ-ի կողմից: Վերապատրաստումներ կիրականացվեն նաև դպրոցների տնօրենների և վարչական աշխատակիցների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնը դպրոցներում Մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրման պատասխանատուն է։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն աջակցություն է ցուցաբերում տեղայնացման խնդիրներին:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/9017