2023-2024 ուսումնական տարվանից գործարկվում է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, որով մի շարք համակարգային փոփոխություններ են նախատեսվում։
Ֆինանսավորման նոր մոդելով նախատեսվում է․
- ✦ Ֆիզիկական միջավայրի, շենքային պայմանների հարմարեցումներ բոլոր դպրոցներում․ առաջիկա 3 տարիների ընթացքում 3 մլն դրամի չափով նպատակային ֆինանսավորում կստանան ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ չունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները։
- ✦ Տեխնոլոգիական լուծումներ և խելացի հարմարեցումներ, որոնք վերաբերում են բոլոր երեխաների անհատական կրթական պահանջների բավարարմանը։
- ✦ Հոգեբանի և ուսուցչի օգնականի պարտադիր հաստիքի ներդրում բոլոր դպրոցներում։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են «ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ» և «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ուղեցույց-ձեռնարկները, որոնք տրամադրվել են դպրոցներին։ Ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները հասանելի են նաև ՀՄԿ կայքում:
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐ» ուղեցույց-ձեռնարկը անհրաժեշտ տեղեկատվություն է պարունակում դպրոցի ֆիզիկական ենթակառուցվածքների, գույքի, կահավորման, սարքավորումների մատչելիության, և առհասարակ, այն ամենի մասին, թե ինչպես կարելի է սկսել, իրականացնել և գնահատել դպրոցի զարգացման գործընթացը դեպի ներառականություն: Այն կօգնի և կնպաստի ներառման ինդեքսի իրագործմանը` դպրոցների ֆիզիկական միջավայրը համապատասխանեցնելով ներառական կրթության ապահովման պահանջներին։
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ուղեցույց-ձեռնարկում ներկայացված են աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում՝ նրանց ընձեռելով կրթական միջավայրում և, առհասարակ, հասարակական կյանքում առավել անկախ լինելու, տարբեր գործընթացներում մասնակցություն ունենալու առավել մեծ հնարավորություններ: