2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքն ամփոփվեց Երևանում։ Քննարկումը վարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների տնօրեններն ու փոխտնօրենները։
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության, Երևանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նոր ուսումնական տարում ակնկալվող փոփոխություններին՝ ընդգծելով, որ դրանք միտված են կրթությունն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելու։ Նա նոր ուսումնական տարին բնորոշեց որպես կրթական փոփոխությունների տարի։ Խոսքը հանրակրթության նոր չափորոշչի, դպրոցների ֆինանսավորման նոր կարգի և դրանցից բխող փոփոխությունների մասին է։ Նրա հավաստմամբ՝ ուսուցիչներին տրվում է նոր գործիքակազմ, դպրոցների ֆինանսավորման նոր ձևաչափ, որն առաջացած խնդիրների լուծման ավելի ճկուն հնարավորություններ է ընձեռում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեններին ներկայացրեց ոլորտում իրականացվող փոփոխությունները, որոնք պայմանավորված են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով։ Նա կարևորեց նախորդ տարվանից ՆՈւՀ-երում ներդրված համընդհանուր ներառական կրթության համակարգը, որի շրջանակում իրականացվել են վերապատրաստումներ: «Նոր կարգավորմամբ նախորդ տարվանից հանվել է երեխայի կարիքի գնահատման արդյունքում վկայագրման պահանջը: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի /ՏՄԱԿ/ եզրակացության հիման վրա մանկապարտեզը և ՏՄԱԿ-ը կազմակերպում են երեխայի կարիքների գնահատման գործընթացը: Պետության կողմից հատուկ հատկացվող ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ունեցող երեխաների համար համապատասխան միջավայրի ստեղծմանը»,-ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ կրթության առանձնահատկություններ ունեցող երեխաների շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև բացառիկ ընդունակություններ ունեցող երեխաներին, որոնք ևս իրենց տաղանդների զարգացման համար պետք է ունենան հնարավորություն՝ գնահատվելու և համապատասխան աջակցություն ստանալու։
Ավագ և մասնավոր դպրոցների տնօրենների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դպրոցների ֆինանսավորման նոր մոդելին առնչվող հարցեր, որոնք վերաբերում են ներառական կրթության կազմակերպման չորս բաղադրիչներին՝ կրթական հաստատությունների ֆիզիկական միջավայրի և խելացի հարմարեցումներին, հոգեբանի և ուսուցչի օգնականի հաստիքների պարտադիր ներդրմանը։ Մասնակիցներն անդրադարձան նաև երեխաների անձնական տվյալների մասին տեղեկատվություն տարածելու հարցին:
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ ↓