Օգոստոսյան խորհրդակցության հերթական փուլը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում՝ ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Քննարկմանը մասնակցում էին ԿԳՄՍ հանրակրթության վարչության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզպետարանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուներ, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ։
Խորհրդակցության ընթացքում Ա․Սվաջյանն անդրադարձավ նոր չափորոշիչների ներդրմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, նոր դասագրքերի ստեղծմանը, պարտադիր և կամավոր ատեստավորմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանը, ուսումնական նյութերի կիրառմանը, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությանը, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի ներդրմանը, ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։
ՀՄԿ տնօրեն Լ․Մնացականյանը խոսեց համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանը և դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում պարտադիր բաղադրիչներին՝ ֆիզիկակամ միջավայրի և խելամիտ հարմարեցումներին, ուսուցչի օգնականի և հոգեբանի հաստիքների պարտադիր ներդրմանը վերաբերող հարցերի մասին։ Մասնակիցների հետ քննարկվեցին նաև դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվությանն ու նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրները։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ