ԱՄԵՆ ԹՌԻՉՔ ԻՐ ԳՈՒՅՆՆ ՈՒՆԻ, ԱՄԵՆ ԵՐԵԽԱ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱՇԽԱՐՀ Է ԻՐ ԹՌԻՉՔՈՎ
Այդ թռիչքի մասին էր 2024թ-ի սեպտեմբերի 2-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Ներառում Հայաստան» ՀԿ համագործակցությամբ «Կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացված «Թռիչքի գույները» արտ-նախագիծը, որի ընթացքում ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը և Վրաստանի հաշմանդամություն ունեցող երեխաների «Օփըն Հաուս» նվագախումբը իրենց կատարումներով ներկայացան Հայաստանի հանդիսատեսին:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան գերմանական «Յարոու Գլոբալ Քընսալթինգ» ընկերության գործադիր տնօրեն Լիլա դոս Սանթոս Գոմեսը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, «Ներառում Հայաստան» ՀԿ նախագահ Սյուզաննա Պետրոսյանը:
ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց կանանց կողմից իրականացվող նախաձեռնությունների դերը ներառական հասարակության կայացման գործընթացում։ Նա խոսեց ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի մասին, որն իր գործունեությամբ նպաստում է երեխաների ներուժի բացահայտմանը, տարբեր միջավայրերում նրանց ներառման հնարավորությունների ընդլայնմանը և արվեստի միջոցով ինքնաարտահայտման կարողությունների իրացմանը։ Բարձր գնահատելով գործընկերությունը գերմանական և վրացական ընկերությունների հետ՝ նա հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի։
Այնուհետև Վրաստանի հաշմանդամություն ունեցող երեխաների «Օփըն Հաուս» նվագախմբի մասնակիցները ներկայացրին երաժշտական կատարումներ տարբեր գործիքներով, որոնց ընթացքում ներկաներին զարմանք ու հիացմունք պատճառեցին երաժշտական գործիքներին տիրապետելու իրենց հմտություններով, երաժշտությունը զգալու ունակությամբ, միմյանց լսելու և միմյանց հետ համագործակցելու կարողությամբ։
«ՄԻԱՍԻՆ» թատերախումբը հանդես եկավ «Թռիչքի գույները» ներկայացմամբ։ Դա պատմություն է երազանքի, նրան հասնելու ընթացքի մասին, որի առանցքում հերոսների հավատն է, նրանց կամքն ու վճռականությունը, չընկճվելու, չընկրկելու հաստատակամությունը և նրանք, ովքեր «թռիչքին գույներ են տալիս և թևեր են տալիս երազանքին․․․»։ Բոժոժի մեջ գտնվող «Երազող թրթուրը», երազելով գունավոր աշխարհների մասին, ընկերների օգնությամբ կարողանում է դառնալ այդ աշխարհի բնակիչը, դառնալ «թռչող ծաղիկ» և իր թիթեռի թռիչքով, թռիչքի իր գույնով էլ ավելի բազմազան ու գեղեցիկ դարձնել կյանքը։ Չէ՞ որ կյանքին ծաղիկներ են պետք, գույներ ու թռիչք։ Իսկ «Թռիչքի գույները նկատելի են, պարզապես հավատալ է պետք․․․»
Հանդիսատեսը ոգևորված էր․ դահլիճում ծափերը խառնվում էին «ճախրող գույնզգույն թիթեռներին», որ թափահարում էին խանդավառված փոքրիկները։
Նախագիծը Հայաստանի և Վրաստանի ներառական գործընթացների մասին արվեստի լեզվով խոսելու յուրօրինակ փորձ էր, որը միտված էր երկու երկրների առանձնահատկություններ ունեցող երեխաների ու ծնողների համագործակցության ձևավորմանն ու կայացմանը։
Ի դեպ, «Կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագիրն իրականացվում է «Կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության հզորացում» նախագծի շրջանակում «Ներառում Հայաստան», «Յարրոու Գլոբալ Քընսալթինգ» (Գերմանիա), WFS (Գերմանիա) և «Օփըն Հաուս» (Վրաստան) հասարակական կազմակերպությունների փոխգործակցության շրջանակներում: Ծրագիրը միտված է Հարավկովկասյան տարածաշրջանում կանանց և հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների հետ աշխատող կառույցների միջև ներառական երկխոսության առաջխաղացմանը։ Կոնսորցիումը նպատակ ունի ստեղծել տարածաշրջանային ցանց հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ աշխատող ՀԿ-ների, պետական կառույցների միջև՝ խթանելով համագործակցություն և կառուցողական հաղորդակցություն, ներառական կրթության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց մայրերի և ընտանիքների շրջանում, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը ներառական կրթության վերաբերյալ։
13.092024