2024թ․ սեպտեմբերի 17-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կանանի ՀԿ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որն ուղղված է կրթության և գիտության ոլորտում կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդլայնմանը։
Ողջունելով համագործակցությունը՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը և «Կանանի» սոցիալ-հոգեբանական ՀԿ նախագահ Քրիստինա Բաղդասարյանը խոսեցին համատեղ արդյունավետ մեխանիզմներ մշակելու և ներդնելու անհրաժեշտության մասին, ներկայացրեցին այս ուղղությամբ իրականացվող գործընթացները։
Հուշագրի համաձայն պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղել ջանքերը կրթական միջավայրում գենդերային կարծրատիպերի նվազեցման ուղղությամբ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սոցիալականացում առանց խտրականության. առողջ հուզականության և հավասար հարաբերությունների խթանում» ծրագրի շրջանակներում։
Ի թիվս այլնի նախատեսվում է համատեղ ուժերով մանկավարժների և ծնողների համար ստեղծել և հրատարակել նկարազարդ ուղեցույց, որն ուղղված է լինելու հուզականության մասին գենդերային կարծրատիպերից դուրս ընկալումների ձևավորմանը։ Հրատարակված ուղեցույցը էլեկտրոնային և թղթային տարբերակով կօգտագործվի ՀՄԿ-ի կողմից իրականացվող սեմինարների, վերապատրաստումների, խորհրդատվությունների և այլ հանրային միջոցառումների ժամանակ։
17.09.2024