Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «ԿԱՆԱՆԻ» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում 2025թ․ հունվարի 29-30-ը Վանաձորում տեղի ունեցավ «Դրական ծնողավարում» երկօրյա ինտերակտիվ դասընթաց, որը միտված էր համախմբելու ծնողներին՝ քննարկելու ծնողավարության տարբեր մոտեցումներ ու ռազմավարություններ։
Դասընթացավարն էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։
Դասընթացի առանցքային թեմաներն առնչվում էին հետևյալ ոլորտներին․
- ✦ Ինքնախնամքի կարևորության գիտակցում
- ✦ Հույզերի կառավարում
- ✦ Հաղորդակցման և լսելու մշակույթ
- ✦ Ապրումակցում և երեխայի հուզական կարիքների ճանաչում
- ✦ Սահմանների դնում և «ոչ» ասելու հմտություն
- ✦ Կոնֆլիկտների կառավարում
- ✦ Դրական ծնողավարման գործիքներ
Դասընթացի մասնակիցները ձեռք բերեցին մի շարք կարևոր գիտելիքներ, որոնք ուղղված են դրական ծնողավարության հմտությունների զարգացմանը։ Մասնավորապես, նրանք տեղեկատվություն ստացան այն մասին, թե ինչպես հոգ տանել իրենց հուզական ու ֆիզիկական բարեկեցությանը, ճանաչել և վերահսկել սեփական հույզերը, ավելի համբերատար ու հավասարակշռված մոտեցում դրսևորել, ինչպես նաև օգնել երեխաներին հասկանալ ու արտահայտել իրենց զգացմունքները։
Գործնական վարժություններն ուղղված էին երեխայի հետ առողջ հարաբերություններ կառուցելու հմտությունների ձևավորմանը։ Դասընթացի մասնակիցները ծանոթացան դրական ծնողավարության մեթոդներին, որոնք օգնում են խաղաղ լուծել երեխաների հետ տարաձայնությունները, բացահայտեցին մեթոդներ, որոնք օգնում են խրախուսել երեխայի ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը, սովորեցին, թե ինչպես երեխայի տեսանկյունից նայել իրավիճակներին և աջակցել նրան դժվար պահերին՝ ձևավորելով վստահության ու աջակցման միջավայր:
Մասնակիցների հավաստմամբ՝ դասընթացն օգտակար էր և արդյունավետ։ Այն անցավ ջերմ, աշխույժ և ոգեշնչող մթնոլորտում՝ նպաստելով ծնողների ակտիվ ներգրավվածությանը և անկեղծ հարցուպատասխանի մթնոլորտում խնդիրները բացահայտելուն՝ դրանց արդյունավետ լուծումներ գտնելու, երեխաների նկատմամբ սեփական մոտեցումները վերանայելու տրամաբանությամբ, ինչը վստահաբար կօգնի ավելի դրական, ջերմ և վստահության վրա հիմնված ծնողավարության հմտությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ դասընթացի մոդուլը ստեղծվել է Կանանի ՀԿ-ի և ՀՄԿ-ի հետ համագործակցության և «Սոցիալականացում առանց խտրականության․ առողջ հույզերի և հավասար հարաբերությունների խթանում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան կողմից։
05.02.2025