2025թ․ մարտի 20-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց մեր հաջորդ վեբինարը «ԻՆՉՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԲԱԶՄԱԿԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵԼ ՈՒ ՀԵՏԱԶՈՏԵԼ» թեմայով։
Այս վեբինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին բազմակի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքի տարբեր ռազմավարություններ, որոնք ուղղված են ուսուցման ամբողջական մոտեցման խրախուսմանը։ «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչն անդրադարձավ այդ ռազմավարություններին՝ կարևորելով գործողության վրա հիմնված միջամտության, ակտիվ ուսուցման և, այսպես կոչված՝ «պարուրաձև ուսուցման» սկզբունքները: Երեխաները սովորում են, երբ հնարավորություն ունեն բացահայտելու, հետազոտելու, փորձարկելու, երբ իրենց տրվում է հավասարաչափ հնարավորություն զարգացման բոլոր ոլորտներում՝ շարժողական, հաղորդակցման, ճանաչողական և սոցիալական։
Բանախոսն ընդգծեց բազմակի խանգարումներ ունեցող սովորողների համար բովանդակալից ծրագրերի մշակման անհրաժեշտությունը կարողությունների, հետաքրքրությունների ու կարիքների գնահատման հիմքով։ Նա խոսեց նաև շրջապատի թիրախավորված դասավորման միջոցով երեխաների զարգանալու և սովորելու շահագրգռության անհրաժեշտության մասին՝ կարևորելով այս բաղադրիչը ուսուցման ամբողջական մոտեցման համակարգում։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
25.02.2025