ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ Պաշտպանության Տարածքային Ծառայության (ՍՊՏԾ) և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՄԿ և ՍՊՏԾ անձնակազմերի մասնակցությամբ։
Հուշագիրն ուղղված է ուսումնական հաստատություններում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև ոլորտի շրջանակներում կրթության կազմակերպման գործընթացի մասնակիցների իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է սեյսմապաշտպանության թեմայով ուսումնական նյութերի, տեղեկատվական-մեթոդական ուղեցույցների մշակում, ստեղծում և տարածում, ՍՊՏԾ և ՀՄԿ մասնագետների համատեղ ուժերով ուսումնական հաստատությունների պատասխանատու անձնակազմի, ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների, մասնավորապես` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում՝ սեյսմիկ պաշտպանության ոլորտի վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների ձևավորման նպատակով։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը և ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը ընդգծեցին համագործակցության կարևորությունը և հույս հայտնեցին, որ այն կնպաստի հանրության շրջանում սեյսմիկ պաշտպանության գրագիտության աճին, ինչպես նաև հոգեսոցիալական առումով խոցելի խմբերի՝ առավել հեշտ ինտեգրմանն այս գործընթացին, սեյսմավտանգ իրավիճակներում նրանց պաշտպանունակության բարձրացմանն ու ռիսկերի նվազեցմանը։
ՀՄԿ տնօրենի տեղակալ Հ․Ադամյանի խոսքով՝ անվտանգ կրթական միջավայրի ստեղծումը օրակարգային հարցերից մեկն է, որին հասնելու համար անհրաժեշտ է գնահատել ռիսկերը և սովորողներին փոխանցել արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշման հմտություններ։
Անցկացվեց նաև սեմինար-քննարկում, որի ընթացքում Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը ՀՄԿ անձնակազմին ներկայացրեց դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ընկերությունների և այլ կազմակերպությունների հետ աշխատանքի առանձնահատկությունները, սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման սկզբունքները, ինչպես նաև՝ «Երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոնների ուղեցույցը»։
Մասնակիցներն առավել հանգամանալիորեն ծանոթացան երկրաշարժին նախապատրաստվելու, միջավայրում առկա ռիսկերը նվազեցնելու, առաջին անհրաժեշտության իրերով պայուսակի պարունակության, ինչպես նաև երկրաշարժի ժամանակ և դրանից հետո իրականացվելիք գործողությունների մասին։ Մասնավորապես կարևորվեցին իրազեկման յուրահատկությունները տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում։
Այնուհետև ՀՄԿ մասնագետների խումբը շրջայց կատարեց սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժնում, սեյսմոերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում՝ գործնականում ծանոթանալով սեյսմիկ վտանգի գնահատման և կառավարման ողջ գործընթացին։
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձաբար իրենց պատրաստակամությունը հայտնեցին ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում սեյսմիկ ռիսկերի կառավարելիությունը մեծացնելու նպատակով հետագա գործողությունները համատեղ պլանավորելու և իրականացնելու ուղղությամբ։
ՀՄԿ-ն շարունակում է ընդլայնել համագործակցությունը տարբեր կառույցների հետ անվտանգ կրթական միջավայր ապահովելու համապատկերում
19․06.2025