Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2025թ․ հունիսի 30-ին անցկացվեց «ԲԱԶՄԵՂԱՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆԸ» թեմայով վեբինարը:
Վեբինարի բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը, Իվանա Ռոգար Գոյեվիչը։
Վեբինարն ուղղված էր բազմակի խանգարումներ ունեցող երեխաների գրագիտության հմտությունների զարգացմանը, նրանց կրթական կարիքների բավարարմանը։ Փորձագետներն անդրադարձան գրագիտության հիմնարար իրավունքին, որով ամրագրվում է տեքստին և տպագիր նյութերին հասանելիության հնարավորությունը՝ անկախ հաշմանդամության բարդություններից։ Դիտարկվեց անձի շփման, սոցիալականացման, կյանքում ընտրություններ կատարելու իրավունքը, որը հասանելի է դառնում կարդալու և գրելու միջոցով։
Վեբինարի ընթացքում ներկայացվեց, թե ինչպիսին պետք է լինի արդյունավետ հաղորդակցման համակարգը, որպեսզի հնարավորություն ընձեռի բազմակի խանգարումներ ունեցող երեխաներին ծանոթանալ ֆունկցիոնալ ընթերցանությանը։ Ըստ բանախոսների՝ գրագիտությունը չպետք է դիտարկել միայն տառերի իմացության մակարդակում. պետք է հաշվի առնել նաև կարդալուն նախորդող հմտությունները և հասկացությունները։ Գրքերին վաղ տարիքից առնչվելը և դրանք սեփական փորձառության հետ կապելը ևս առանցքային են, իսկ ուշադրությունը պետք է ուղղված լինի ընթերցանության գաղափարին, այլ ոչ՝ միայն հմտությանը։ Նրանց դիտարկմամբ՝ հարկ է հաշվի առնել ուսուցման տարբեր ուղիները և կիրառել տարբեր զգայական ազդակներ։ Ընդգծվեց օժանդակ հաղորդակցության և ընթերցանության միջև առկա տրամաբանական կապը և այդ տեսանկյունից հաղորդակցական տարբեր միջոցների՝ ուսուցման համընդհանուր դիզայնի տարրերի և ներգրավման ու ինքնարտահայտման տարբեր եղանակների կիրառումը։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
01.07.2025