Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2025թ․ ապրիլի 22-ին անցկացվեց «ԲԱԶՄԱԿԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» թեմայով վեբինարը:
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Մարտինա Ցելիզիչը։
Վեբինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան այն հիմնարար մոտեցումներին ու բաղադրիչներին, որոնք պետք է հաշվի առնել բազմակի խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական ծրագրերը կազմելիս։
Բանախոսը ներկայացրեց ընդհանուր կրթական ծրագիրը կազմելու քայլաշարը, անհատական կրթական ծրագրերի ու պարապմունքների մշակման և կրթական միջավայրի կազմակերպման առանձնահատկությունները, խոսեց բնական միջավայրում բնական գործողությունների վրա հիմնված ուսումնառության մասին՝ հիմնավորելով երեխայի կողմից այս կամ այն գործողությունը հասկանալով կատարելու կարևորությունը, ինչը կօգնի նրան ինքնուրույնության և իրական կյանքի իրավիճակների մեջ ներգրավվելու հարցում։
Մ․ Ցելիզիչն անդրադարձավ նաև խմբակային պարապմունքների կարևորությանը՝ մանրամասնելով, թե ինչպես են դրանք նպաստում համագործակցելու, շփվելու հմտություններ ձեռք բերելու, հարաբերություններ կառուցելու և ընկերություն հաստատելու հարցերում։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
23.04.2025