Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ ՀՄԿ-ի կողմից նախորդ տարվա ընթացքում մշակված հրատարակությունների շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Կրթության տեսչական մարմնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՄԿ-ի գործընկեր տարբեր կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձավ այն հայեցակարգային հարցերին, որոնք պետք է բխեն երեխայի լավագույն շահից՝ այդ համատեքստում դիտարկելով մանկավարժական և ծնողական համայնքների հետ աշխատելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց ներառող միջավայրի ապահովման անհրաժեշտությունը կրթական հաստատություններում՝ շեշտելով խնդիրները ճիշտ հասցեագրելու, քայլերը ճիշտ տրամաբանության մեջ ձևակերպելու կարևորությունը։ Նախարարը կարևորեց նաև շարունակական երկխոսությունը և փոխգործակցությունը շահառուների հետ, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով տեղեկատվության հավաքագրումը, որն ուղղված է կրթության ոլորտի արդիական խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման մեխանիզմների լավարկմանը։ «Մշակված ուղեցույցները, ձեռնարկները և աշխատանքային տետրերը հենց այդ գործիքներն են, որոնք հնարավորություն են տալիս ամենօրյա աշխատանքը դարձնել ավելի հասկանալի, համակարգված և արդյունքների տեսանկյունից ավելի կանխատեսելի»։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՊՄՀ ռեկտորի տեղակալ Նաիրա Սաֆարյանը։ Նա կարևորեց փոխկապակցված աշխատանքների իրականացումը և համագործակցությունը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ՀՄԿ-ի կողմից մշակված ձեռնարկները՝ խմբավորելով դրանք երեք հիմնական ենթաբաժիններում․
- ✦ Աշխատանքային գիրք-տետրեր և մեթոդական ուղեցույցներ
- ✦ Ուսումնաօժանդակ ձեռնարկներ
- ✦ Մասնագիտական գրականություն։
Նա կարևորեց հարմարեցված և հասանելի ուսումնական նյութերի կիրառումը, ինչպես նաև մանկավարժներին և հոգեբաններին համապատասխան մասնագիտական ռեսուրսների տրամադրումը՝ յուրաքանչյուր երեխայի համար արժանապատիվ, մատչելի և հասանելի կրթության ապահովման նկատառում։
Այնուհետև գրքերի հեղինակները ներկայացրին ձեռնարկները և դրանց կառուցվածքային ու բովանդակային առանձնահատկությունները, որոնք ուղղված են նպաստելու դասագործընթացում բոլոր երեխաների կրթական հնարավորությունների իրացմանը և մասնագիտական թիմի կարողությունների զարգացմանը։
Աշխատանքային գիրք-տետրերի և մասնագիտական գրականության առնչությամբ իր դիտարկումները հայտնեց նաև Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանը՝ նշելով, որ հարմարեցված ուսումնական նյութերը լայնորեն կիրառվում են դպրոցում և հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համահունչ բովանդակային նյութերի ստեղծման գործընթացը:
Նշենք, որ ձեռնարկները երաշխավորած են որպես ուսումնական նյութ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից։ Ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՄԿ կայքում:
Կայքի նյութերը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կայքին (www.hmk.am) պարտադիր է:
16.10.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
