Օրերս տեղի ունեցավ առցանց հանդիպում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, «Պերկինս միջազգային» Perkins School for the Blind կազմակերպության և գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր քննարկել Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի՝ ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման գործընթացը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող գործողություններն ու անհրաժեշտ ընթացակարգերը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՏԽՈՒԵ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման նպատակով գործընթացի պատշաճ և արդյունավետ կազմակերպելուն միտված գործողությունները համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատված՝ ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանին և ժամանակացույցին։
Անդրադարձ կատարվեց նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, «Պերկինս միջազգային» կազմակերպության և Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի համագործակցության շրջանակում մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ նախատեսվող գործողություններին, փորձի փոխանակմանը և ռեսուրս կենտրոնի հետագա գործունեության արդյունավետ կազմակերպմանը։
Նշվեց, որ այս համատեքստում նախատեսվում են դասընթացներ «Պերկինս Միջազգային» կազմակերպության կողմից, որոնք ուղղված կլինեն տեսողական ֆունկցիայի գնահատման և դրա առանձնահատկությունների ընկալման ու կիրառման հմտությունների զարգացմանը։ Դասընթացներին նախատեսվում է ներգրավել ՀՄԿ-ի, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) և հատուկ դպրոցի մասնագետներին։
Դասընթացների նպատակն է մասնագետներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ կազմակերպել երեխաների կրթական և զարգացման կարիքների գնահատման, աջակցության և համապատասխան ծառայությունների տրամադրման գործընթացները։
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև ներգրավված կառույցների միջև հետագա համագործակցության հստակեցումը, աշխատանքների համակարգված իրականացումը և նախատեսվող գործողությունների հաջորդականության պահպանումը, ռեսուրս կենտրոնի գործունեության արդյունավետ մեկնարկն ու շարունակական զարգացման ապահովումը։
10.09.2026

