2025թ․ նոյեմբերի 28-30-ը անցկացվեց «ԾԱՆՐ ՎԱՐՔԱՅԻՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ» թեմայով եռօրյա դասընթաց, որն ուղղված էր վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի սկզբունքների և տեխնիկաների լուսաբանմանը։
Դասընթացը կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում։
Սեմինարավարն էր «Կարիտաս Վրաստան»-ից հրավիրված հոգեբան, վարքային մասնագետ Գեորգի Դեմետրաշվիլին։
Դասընթացին ակտիվորեն ներգրավված էին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների/ մասնագետները, տարբեր ծրագրերում ընդգրկված հատուկ մանկավարժներ ու վարքային մասնագետներ, ինչպես նաև «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում վերապատրաստված սովորողի անձնական օգնականները։
Դասընթացն ուներ բացառապես գործնական ուղղվածություն։ Դասընթացավարը մասնակիցներին ներկայացրեց ճգնաժամային իրավիճակներում վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները, այս խնդրի վերաբերյալ միջազգային մոտեցումներն ու գործնական մեթոդները, որոնք կարող են տեղայնացվել նաև հայաստանյան կրթական միջավայրում: Փորձագետը կարևորեց ճգնաժամային իրավիճակների կառավարման հմտությունների տիրապետումը մասնագետների կողմից՝ շեշտադրումներ անելով կանխարգելիչ տեխնիկաների և մեթոդների ճիշտ կիրառման ուղղությամբ՝ բացառելու համար հնարավոր բռնության դրսևորումները։ Անդրադառնալով մասնագետների կողմից միջամտության արդյունավետությանը՝ նա ընդգծեց նաև անվտանգության գործոնը բոլոր երեխաների համար ապահով կրթական միջավայրի տեսանկյունից։
Մասնակիցները ծանոթացան վարքային խնդիրների կառավարման նոր մոտեցումներին, ձեռք բերեցին դրանց լուծումներ տալու գործնական հմտություններ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության կողմից` «Կարիտաս Գերմանիա»-ի միջոցով:
08.12.2025


