ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը։
Նա առանցքային է համարել հարցի քննարկումը տարբեր իրավունքների պաշտպանության և ապահովման ուղղությամբ Կառավարության հանձնառությունների շրջանակում՝ դիտարկելով այն բոլոր երեխաների համար որակյալ կրթության իրավունքի իրացման տեսանկյունից։
Ի թիվս այլ հարցերի, նախարարը կարևորել է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկումը մանկապարտեզներում՝ ընդգծելով ներառականությանն առնչվող խնդիրների բացահայտումը և այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումը նախադպրոցական մակարդակում։ Նրա դիտարկմամբ՝ 2023 թվականի համեմատությամբ մանկապարտեզներում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության թիվն ավելացել է 38%-ով՝ կազմելով շուրջ 1800 երեխա։
Նա անդրադարձել է նաև պարտադիր դպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց կրթական համակարգ վերադարձնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով տարբեր գերատեսչությունների միջև համակարգված համագործակցությունը, և նշել, որ այս ուղղությունը շարունակում է մնալ նախարարության առաջնահերթությունների շարքում։
Զեկույցին առնչվող այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում:
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ
20.03.2026


