2026թ․ մարտի 16-20-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում «Պերկինս Միջազգային» կազմակերպության կողմից անցկացվեց «ԲԱԶՄԱԿԻ ԶԳԱՅԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Դասընթացի մասնակիցներն էին Պերկինս Միջազգային Ակադեմիայի դասընթացի առաջին մակարդակը հաջողությամբ հաղթահարած, բարդ և բազմակի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքի փորձառություն ունեցող 19 մասնագետներ, ովքեր աշխատում են Երևանի թիվ 1, Վաղարշապատի, Կոտայքի, Արտաշատի, Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում, «Գյումրու երեխաների տուն» և «Ձեզ համար» կազմակերպություններում:
Դասընթացն ուղղված էր ներկայացնելու զգայական խանգարումների ազդեցությունը անձի կենսագործունեության և մասնակցության վրա, որի ճանաչումը կօգնի ավելի լավ հասկանալ սովորողի ուժեղ կողմերը և աջակցության կարիքի ոլորտները, ինչպես նաև սովորողի հաղորդակցման հնարավորությունների բացահայտմանը և նրա զգայական ընկալման միջոցով տարբեր մարդկանց հետ կապ հաստատելու հմտությանն աջակցելուն։
Դասընթացավարներն էին «Պերկինս Միջազգային» կազմակերպության փորձագետներ Մարտինա Ցելիզիչը և Բասեմ Աբդել Գաֆարը։
Դասընթացն իրականացվում էր հետևյալ հիմնական թեմաներով․
- ✦ Ընտանիքների հզորացում
- ✦ MDVI/DB ունեցող սովորողների սահմանում
- ✦ Տեսողության և լսողության համակցված խանգարման ազդեցությունը
- ✦ Սովորողների տեսողական ըմբռնումը, և ինչպես օգնել նրանց արդյունավետորեն օգտագործել իրենց տեսողությունը
- ✦ Սովորողների լսածի ըմբռնումը և մնացորդային լսողության օպտիմիզացման եղանակները
- ✦ Ուղեղային կաթված ունեցող սովորողների համար ուսուցման առավելագույն հասանելիություն ապահովելու ռազմավարություններ
- ✦ Կողմնորոշում և շարժունակություն
Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին տեսալսողական խանգարումներ ունեցող սովորողների հետ հաղորդակցության տարբեր ռազմավարությունները, գնահատման սկզբունքները և գործիքները, նրանց անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) մշակման, գրագիտության հմտությունների դասավանդման մոտեցումները։ Դիտարկվեցին նաև դրանք կրթական ծրագրերին համապատասխանեցնելու, ինչպես նաև բոլոր տարիքային խմբերի համար մասնագիտացված ուսումնական ծրագրի ինտեգրման մեխանիզմները։ Բանախոսները կարևորեցին ընտանիքների հզորացումը՝ որպես երեխայի ամբողջական ուսումնառության գործընթացում առանցքային դեր ունեցող գործոնի։ Ընդգծվեց զգայական ընկալման միջոցով տարբեր զգայական խանգարումներ ունեցող երեխաների հետ հաղորդակցության հնարավորությունը և համապատասխան աջակցության կազմակերպումը նրանց ուժեղ կողմերն ու նախասիրությունները հաշվի առնելով։
«Բազմակի զգայական խանգարումներ ունեցող սովորողների կրթություն» խորացված եռամակարդակ դասընթացն իրականացվում է 2026թ․ փետրվարից առցանց և առկա հանդիպումների միջոցով։ Դասընթացն իրականացվում է 4 մոդուլով, որոնցից յուրաքանչյուրի ավարտին մասնակիցները հանձնում են անհատական թեստ և իրականացնում գործնական առաջադրանք:
26.03.2026

