ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) համագործակցությամբ իրականացվող «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով վերապատրաստման դասընթացները շարունակվում են։
2026թ․ ապրիլի 16-17-ը և 22-23-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեցին այս թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացներ ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների համար։
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության European Union in Armenia կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության UN Women Armenia ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։
Դասընթացի նպատակն է նպաստել վերապատրաստող հոգեբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նրանց փոխանցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը բացահայտելու, դրանց արձագանքելու և ուղղորդելու գործուն մեխանիզմներ։
Դասընթացավարներն էին փորձագետներ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Դավիթ Թումասյանը և կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Սիրանուշ Դավթյանը։
Վերապատրաստման թեմատիկ շեշտադրումներն ուղղված էին ընտանեկան բռնության հոգեբանական և իրավական ասպեկտների ներկայացմանը, մասնավորապես՝
- ✦ Բռնության թեմայով դասընթացի վարման առանձնահատկությունները. տրավմազգայուն մոտեցում
- ✦ Ընտանեկան և կենցաղային բռնության հասկացությունը, տեսակները, պաշտպանության միջոցները և իրավիճակը ՀՀ-ում
- ✦ Երեխայի նկատմամբ բռնությունը և երեխայի հետ վարվեցողության կանոններն ու հարցազրույց վարելու տակտիկան
- ✦ Բաղկացուցիչ մասեր դասընթացի կառուցման համար. ընդհանուր մոդելի կազմում
- ✦ Բռնությանն արձագանքման ալգորիթմ
Մասնակիցները ծանոթացան ընտանեկան և կենցաղային բռնության տեսակներին, պաշտպանության միջոցներին ու եղանակներին, այս թեմայով դասընթացների և հարցազրույցների վարման առանձնահատկություններին, դիտարկվեցին դժվարություններ ունեցող անձանց հիմնախնդիրները, ընտանեկան և կենցաղային բռնության ճանաչման, դրանց ազդեցության գնահատման և հետևանքները կանխարգելելու մեխանիզմները։
Դասընթացները զուգակցվում էին ինտերակտիվ վարժություններով՝ ուղղված թեմայի առնչությամբ տարբեր արտահայտությունների վերաձևակերպմանը։ Իրականացվեցին նաև ընտրված թեմայով կարճ դասընթացի վարման վարժություններ, որոնց ընթացքում մասնակիցները փոխանակվեցին դիտարկումներով, տեսակետներով ու մասնագիտական փորձով։
05.05.2026

